Աշխատեք չդիպչել դիմակի մեջտեղի մասին, հիմնականում բակտերիաներն այդտեղ են հավաքվում, փոխեք այն առավելագույնը 4 ժամը մեկ, սա էլ Ձեզ ձեռնոց, ալկոգել, և մեր տեղեկատվական թերթիկները, անպայման կկարդաք»,- այս ցուցումներով Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) 100-ավոր կամավորներ հունիսի 15-ից բակերում, այս օրերին նաև՝ հանրային վայրերում նոր կորոնավիրուսից (Covid-19) պաշտպանվելու կանոնների վերաբերյալ իրազեկման արշավ են իրականացնում:
Արդեն շուրջ 394 հազար միավոր պաշտպանիչ միջոց՝ դիմակ, ձեռնոց և ախտահանող նյութեր են բաժանվել քաղաքացիներին:
«Կամավորները շատ լավ աշխատում են, ես շատ գոհ եմ, ուղղակի համաճարակը շատ երկար է ձգվում, դա է, որ մեզ անհանգստացնում է»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, որը մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարում կամավորների ցուցումով հենց այդ պահին դիմակը փոխեց ստացած նորով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀԿԽԸ նախաձեռնությամբ հանրապետության ամբողջ տարածքում իրականացվող հանրային իրազեկման արշավի նպատակը 3 ամսից ավելի շարունակվող համավարակի պայմաններում մարդկանց զգոն պահելն է:
«Հիշեցնելն է՝ թեկուզ այս ամենը երկար է ձգվում, հոգնեցնող է, այդուամենայնիվ, եթե մենք կանխարգելիչ կանոնները չպահենք՝ այդ ամենը ավելի երկար կարող է ձգվել: Եւ´ դիմակներ կրելը և´ սոցիալական հեռավորություն պահելը վարակը կանխարգելող միջոց է»,- նշեց Հայկական Կարմիր խաչի ընկերության Լրատվական և Լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:
Կորոնավարակից պաշտպանվելու վարքականոնների մասին կամավորներն անցորդներին իրազեկում են Երևանում գործող 36 տեղեկատվական տաղավարներում՝ յուրաքանչյուր օր՝ 17։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում:
Իրազեկման կետերը գործում են հետևյալ հասցեներում:
«Ռադիո Վան»-ը եղել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված տեղեկատվական տաղավարներից մեկում, հետևել կամավորների աշխատանքի ընթացքին, զրուցել պատասխանատուների հետ. մանրամասները՝ տեսանյութում:
Ի դեպ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Covid-19-ի համավարակի հայտարարման առաջին իսկ օրվանից՝ մարտի 16-ից, շուրջ 1500 կամավորների օգնությամբ Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներում բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ է իրականացրել՝ նրանց տեղեկատվական թերթիկներ բաժանելով: Ընկերությունը կորոնավարակից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկող թերթիկներն այնուհետ շահառուներին է տրամադրել նաև մարդասիրական օգնության փաթեթի հետ միասին, արդեն 25 հազար նման փաթեթ է բաժանվել:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Պահանջը խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 000 դրամ է:
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ ս.թ. մարտի 1-ից առ այսօր Հայաստանում նոր կորոնավիրուսի 29 285 դեպք է հաստատվել, որից 16 907-ը ապաքինված, 503-ը՝ մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ 164 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան