«2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է». ԴԱՀԿ նախկին պետը, Դաշնակցությունն ու «Իրավական ուղի»-ն հայտարարություններ են տարածել - RadioVan.fm

Онлайн

«2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է». ԴԱՀԿ նախկին պետը, Դաշնակցությունն ու «Իրավական ուղի»-ն հայտարարություններ են տարածել

2020-06-14 19:26 , Политика, 1298

«2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է». ԴԱՀԿ նախկին պետը, Դաշնակցությունն ու «Իրավական ուղի»-ն հայտարարություններ են տարածել

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմինը այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով:

Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը:

Եւս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»:

«Հայաստանում ստեղված իրավիճակն ու երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը հատել են վտանգավոր եզրագիծը»,-այս մասին էլ նշված է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում, միաժամանակ ասվում է.

« Նոր համավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալված է։ Կորոնավիրուսի տարածումը զսպող իշխանությունների քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս։ Մինչդեռ, հունվարից կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը հանրահավաքներով Սահմանադրական հանրաքվե էր քարոզում, երբ վարակն արդեն ակտիվորեն տարածվում էր մարզերում ու Երևանում: Ցավոք, Հայաստանում իրավիճակը մնում է խիստ ճգնաժամային ունենք 3 հարյուրից ավել մահ։

Երկրի տնտեսությունը գահավիժում է։ Տնտեսական ցանկացած գործունեություն ռիսկային է։ Բիզնես միջավայրը կաթվածահար վիճակում է։ Երկու տարի շարունակ խոստացվող օտարերկրյա ներդրումները փուչիկի պես պայթեցին։ Աննախադեպ տեմպերով աճում է գործազրկությունը։

Արտաքին քաղաքականության ասպարեզում մեկը մյուսին հաջորդող լրջագույն սխալները ոչ միայն հարվածում են երկրի միջազգային վարկանիշին, այլև վերաճել են ազգային անվտանգության սպառնալիքի։

Հայաստանի գործող իշխանությունը 2 տարում ցույց տվեց իր ապաշնորհ կառավարումը։ Զուգահեռաբար համատարած ատելության խոսքը, սպառնալիքները, ժողովրդին «սևերի» ու «սպիտակների» բաժանելը ձևավորել են անհանդուրժողականության մթնորոտ։ Կտրուկ լարվել է երկրի ներքաղաքական իրավիճակը։ Ավելորդ է ասել, թե դա ինչ ռիսկեր կարող է ունենալ պատերազմական իրավիճակում գտվող Հայաստանի և Արցախի համար։

Գործող իշխանությունը սեփական ապիկարությունը փորձում է քողարկել տարատեսակ շոուներով։ Անձնական քինախնդրությամբ պայմանավորված «վենդետաները» Հայաստանում շարունակվում են։

Սակայն շինծու մեղադրանքներ հորինելու տաղանդը միայն տանելու է փակուղի՝ էլ ավելի ապակայունացնելով վիճակը։

Կադրային քաղաքականության հարցում այս կառավարությունը ևս ձախողված է։ Ոչ պրոֆեսիոնալ կադրերին պատասխանատու պաշտոններին նշանակելը փաստում է իշխանության անպաստասխանատվությունը։ Էմոցիոնալ ու պահով պայմանավորված որոշումները կոլապսի առաջ են կանգնեցրել ամբողջ պետական համակարգին, այդ թվում՝ ուժային կառույցներին։

Հայաստանի գործող իշանությունները հարստանում են՝ կարծես չնկատելով երկրում տիրող արհավիրքը։ Իշխանությունը մոտ ապագայում կորցնելու վախը առաջացրել է հնարվորինս շատ պոկելու մոլուցք։ Ժողովրդի մեջքի հետևում իշխանությունների մութ գործարքների ապացույցներն արդեն միջազգային ասպարեզում է քննարկվում։

Այս հայտարարությամբ ես ամփոփում են նաև իմ հազարավոր ընտրողների այսօրվա տրամադրություններն ու հավաքական կարծիքը։

Հայաստանից ստացվող հազարավոր զանգերը փաստում են երկրում տիրող ծանր իրավիճակի մասին։

2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է։ Այսօր իր ուսերի վրա բերած իշխանության կողմից նա մեղադրվում է նույն իշխանության ձախողումների համար։

Ապաշնորհ կառավարման և աղաղակող սխալների մեղքը ժողովրդի վրա բարդելը Հայասատնի գործող իշխանությունների իրական որակն է։ Այն այդպես էլ չկարողացավ լինել բոլորի իշխանությունը՝ սպասարկելով բացառապես նեղ շրջապատի շահերը։

Ժամանակն է գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունն ու 2 տարվա ընթացքում տրված բազմաթիվ խոստումներից կատարել գոնե մեկը՝ հեռանալ ժողովրդի պահանջով։

Պատասխանատվությունից փախնելն այլևս անհնար է։

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գրասենյակ»:

Ազգային անվտանգության շենքի առջև այսօր տեղի ունեցածին անդրադարձել է նաև Արցախի նախկին Օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի հիմնադրած «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ տարածած հայտարարությունում նշելով.

«Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը, որի արդյունքում վերջինիս պատճառվել են վնասվածքներ:

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնց նպատակը Հայաստանում Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի իրացումը դադարեցնելն է, իսկ իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակումներին ենթարկված անձանց իրավական պաշտպանությունից զրկելն է:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին:

Միաժամանակ, կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, հատկապես Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններին, ԱՄՆ դեսպանությանը, հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ապահովման իրենց հրապարակային հանձնառությանը և համարժեքորեն արձագանքնել թույլ տրված խախտումներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, նա ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության, ԱԱԾ շենքի առջևից բերման են ենթարկվել նրա տասնյակ աջակիցներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կատարվածը որակել է «իրավական տեռոր»՝ տարածած հայտարարությունում նշելով, որ «Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть