«Սա բացահայտ ճնշում է». ԱԱԾ-ում հարցաքննում են Գագիկ Ծառուկյանին, բերման են ենթարկվել նրա աջակիցները - RadioVan.fm

Онлайн

«Սա բացահայտ ճնշում է». ԱԱԾ-ում հարցաքննում են Գագիկ Ծառուկյանին, բերման են ենթարկվել նրա աջակիցները

2020-06-14 15:48 , Право, 1984

«Սա բացահայտ ճնշում է». ԱԱԾ-ում հարցաքննում են Գագիկ Ծառուկյանին, բերման են ենթարկվել նրա աջակիցները

Այսօր առավոտյան խուզարկություն է իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, որի հարևանությամբ գործարարին աջակցելու նպատակով հավաքվել են նրա աջակիցները, Ազգային ժողովի համանուն խմբակցության պատգամավորները:

«Այս րոպեների ընթացքում իշխանության ներկայացուցիչները տարածում են, ինչ որ փաստաթուղթ, որ 2017 թ Գեղարքունիքի մարզում ԲՀԿ ի կողմից առաջադրված թեկնածուն ընտրակաշառք է բաժանել։

Այս ամենին կարելի է պատասխանել միայն մեկ արտահայտությամբ՝ <<բա որտեղ էին այս փաստաթղթերը մինչև մեր արձանագրումը, որ երկիրը վարի եք տվել, թե՞ միամիտ ձեր ամնեզիան անցավ երբ Ծառուկյանը քննադատեց իշխանություններին։

Լուրջ համարում եք, որ կստացվի մեզ լռեցնե՞լ...

Ֆոտոշոփը վկա)»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որի համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է, բացահայտ ճնշում է, քաղաքական հետապնդում:

«Փորձում են լայնածավալ ճնշում գործադրել, լռեցնել։ Միանշանակ չենք լռելու։ Իշխանությունների հերթական տրամաբանությունից դուրս քայլն է, որը հաստատ կունենա իր քաղաքական հետևանքները»,-լրագրողների հետ զրույցում նշել է Ա. Աբովյանը։

Գագիկ Ծառուկյանն այնուհետ ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, ուր կրկին հավաքվել են նրա աջակիցները: Տարածքում կենտրոնացած ոստիկանությունը հորդորել է հավաքվածներին հավաքն ինքնակամ դադարեցնել, hակառակ դեպքում կկիրառի հարկադրանքի միջոցներ։ Քաղաքացիների կողմից հորդորին չանսալուն հաջորդել է ոստիկանների գործողությունները, նրանք բերման են ենթարկել 10-յակ ցուցարարների, նաև՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանին, Արման Աբովյանին:

Նշենք՝ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի:

Նա հետևյալ հիմնավորումն էր հնչեցրել.

«Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Իհարկե, մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, և իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես այսօր ինչ ասում եմ, բոլորը հիմնավորված է փաստացի, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։

Հիմնական խնդիրը, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, և դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։ Կարող եք նայել՝ փաստացի ասված է մեկ տարի առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, այլ հիմնական պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, և կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա, կան խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է դրա իրականացմանը։ Ես այն ժամանակ ասել եմ, որ այս կազմով, կառուցվածքով անհնար է այդ սպասումներն իրականացնել, եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»:

Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ հայտարարությանը հետևել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը, որում, մասնավորապես, նշվել է.

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть