«Այսօր վաղ առավոտից իշխանությունն անցել է «իրավական տեռորի»։ Մենք սա գնահատում ենք որպես պատասխան՝ ԲՀԿ նախագահի վերջին ելույթին, որում նա, առանց երկիմաստությունների, նշեց երկրի առջև ծառացած սուր խնդիրները, մոտալուտ լրջագույն ռիսկերը և դրանց լուծման միակ հնարավորությունը՝ նոր, արդյունավետ կառավարում, լրջագույն փոփոխություններ երկրի կառավարման համակարգում»,-այս մասին ժամ առաջ տարարծած հայտարարությունում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքական խորհուրդը:
«Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն։ Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է։ Իշխանությունը խուսափում է ճիշտ ընկալել իրականությունը, ընդունել իր ձախողումները և հանրային համերաշխության մթնոլորտում գտնել լուծումներ։
Վաղ առավոտից իշխանության սանձազերծած բռնություններն այլևս վերածվել են ամենաթողության: Այս ընթացքում բոլորիս աչքի առաջ բռնի ուժով բերման են ենթարկվել ԲՀԿ մի քանի տասնյակից ավելի ակտիվիստներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնց հանդեպ ևս ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ: Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ բոլոր քաղաքակիրթ և օրինական միջոցներով պայքարել մեր պետության և ժողովրդի շահերի համար, որևէ կերպ չընկրկել անօրինական ճնշումների առաջ։ Հայաստանում այլևս երբեք իշխանությանը չի հաջողվելու շանտաժով ու բռնությամբ լռեցնելու ընդդիմությանը: Մենք վճռական ենք օրենքի տառին և ոգուն հավատարիմ շարունակելու մեր արդարացի պայքարը՝ հոգուտ Հայաստանի և հայ ժողովրդի փրկության»,-ասված է ԲՀԿ տարածած հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, նա ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության, ԱԱԾ շենքի առջևից բերման են ենթարկվել նրա տասնյակ աջակիցներ:
Գագիկ Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ իր նկատմամբ կատարվող գործողությունները քաղաքական հետապնդում է, որը կապված է բոլոր ոլորտներում ձախողումների պատճառով ՀՀ կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու անհրաժեշտության վերաբերյալ իր՝ հունիսի 5-ին արած հայտարարության հետ:
«Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը