Онлайн

Քոչարյանի գործը Եվրադատարանի վարույթում է

2019-10-03 14:27 , Право, 177

Քոչարյանի գործը Եվրադատարանի վարույթում է

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի (նրա լիազորությունները ներկայում կասեցված են-խմբ․) մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատվել էր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Գրիգորյանի որոշմամբ միաժամանակ կասեցվել էր գործի վարույթը՝ ուղարկվելով ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը մեկնաբանելու համար։

Սահմանադրական դատարանը հուլիսի 10-ին տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ քննության կառնի «Մարտի 1»-ի գործով պաշտոնյաներին ներկայացված ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։

Օրեր անց, սակայն, Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց կասեցնել նշյալ վարույթն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

Օգոստոսի 8-ին տեղեկացվեց, որ Եվրադատարանը ստացել է ՀՀ ՍԴ դիմումը։

Лента

Рекомендуем посмотреть