Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել կասեցնել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։
Այս մասին տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․
«Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատվել էր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Գրիգորյանի որոշմամբ միաժամանակ կասեցվել էր գործի վարույթը՝ ուղարկվելով ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը մեկնաբանելու համար։
Սահմանադրական դատարանը հուլիսի 10-ին տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ քննության կառնի «Մարտի 1»-ի գործով պաշտոնյաներին ներկայացված ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը