Շուրջ 50 փաստաբան պատրաստ է պաշտպանել Քոչարյանին ազատ արձակած դատավորի շահերը - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 50 փաստաբան պատրաստ է պաշտպանել Քոչարյանին ազատ արձակած դատավորի շահերը

2019-07-29 19:15 , Право, 1955

Շուրջ 50 փաստաբան պատրաստ է պաշտպանել Քոչարյանին ազատ արձակած դատավորի շահերը

Շուրջ 50 փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, որ դատավորի դեմ քրեական գործի պատճառն իշխանության անհաճո որոշումն է։

«Հեռավոր կամ ոչ այնքան 2011 թվականին, առանց Վճռաբեկ դատարանի «դաբրոյի» դատավոր Սամվել Մնացականյանը մի մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի։ Ու չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը մնաց ուժի մեջ, այնուամենայնիվ Արման Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը դադարեցնի այդ դատավորի լիազորությունները։

Ստորև մեկնաբանություններում ներկայացնում եմ գտածս նյութերը կատարվածի կապակցությամբ Հայաստանի շուրջ 100 փաստաբանների կազմակերպած բողոքի ակցիայի մասին։ Համոզված եմ, որ այդ ակցիայով մենք հասանք նրան, որ իշխանություններն այլևս նման «պատժիչ» գործողության չգնացին։

Այսօր, սակայն, դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել էլ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատժելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին։ Կարծում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ։

Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։

Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի։

Չե′նք լռել նախկինում, չե′նք լռելու հիմա»,-գրել է փաստաբանը։

Նշենք՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր տարածած տեղեկությամբ հայտնել է, որ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Միաժամանակ ասվում է, որ Գրիգորյանի՝ որպես դատավորի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել է։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատվել էր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Որպես հիմք ընդունվել էր Արցախի նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը։ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ միաժամանակ կասեցվել էր գործի վարույթը՝ ուղարկվելով Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը մեկնաբանելու համար։

Սահմանադրական դատարանը հուլիսի 10-ին տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ քննության կառնի այն։ Օրեր անց, սակայն, ՍԴ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ որոշում է կայացրել կասեցնել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть