«Տասնյակ տարիներ շարունակ համայնքը օտարել է իր գույքն ու լիազորությունները՝ հանձնել, վաճառել, նվիրել մասնավորին՝ շատ հաճախ նաև հանուն պաշտոնավորների անձնական շահի (հիշեք երբեմնի մի երիտասարդ կառավարչի «վաստակած» լայնարձակ գույքը): Հիմա հակառակ պրոցեսն է գնում. համայնքը վերադրաձնում է իր լիազորությունները և վերահսկողությունը հանրային ծառայությունների ոլորտի նկատմամբ, մասնավորի հարուցած ճգնաժամային պայմաններում հրատապ ռեժիմով ստեղծում է մի ծավալուն համակարգ՝ իր գույքով ու այլ ռեսուրսներով հանդերձ»,-այդ մասին ֆոյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ներկայացնելով իր տեսակետն այն մասին, թե ինչով է կարևոր Երևանի աղբահանության ու սանմաքրման համայնքային հիմնարկ ունենալը։
«Այս պահին արդեն քաղաքն ունի 34 մեծ աղբատար մեքենա, մոտակա շաբաթներին կլինեն ևս 20-ը՝ ավելի փոքր, 4400 աղբաման (որից 2200-ը Երևանում կլինեն մոտակա օրերին) մրցույթի է դրված մոտ նույնքանը, ընդ որում, շուրջ 1000-ը՝ մետաղական:
Ձեռք է բերվել և բերվում սանմաքրման ու ձնամաքրման համար անհրաժեշտ գույք՝ բազմաֆունկցիոնալ մեքենաներ՝ ջրցաններ, ձյուն ու ավազ ցանող, փոշեկուլ մեքենաներ: Ընդ որում, այս գույքը ձեռք է բերվել ո՛չ բարեգործության, ո՛չ միջազգային վարկի, այլ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ: Բացառությամբ, ի դեպ, մեկ աղբատարի (Շնորհակալություն Չինաստանի կառավարությանը նվերի համար):
Համապատասխանաբար հիմնարկը համալրվում է մի քանի հարյուրի հասնող աշխատակիցներով՝ ապահովելով նրանց արժանապատիվ աշխատանքով ու կայուն եկամտով:
Քաղաքային իշխանությունն ստանձնում է պատասխանատվություն ու ստեղծում է աշխատող համակարգեր, որոնք սկսել են արդյունք ցույց տալ արդեն այսօր և արմատ կգցեն հետագա տարիների ու վարչակազմերի համար: Իսկ Սանիթեքի թողած լեցուն աղբամաններն արժե հասցնել նկարել. դրանք անհետացող տեսակ են ու շուտով իսպառ կվերանան»,-գրել է քաղաքապետի մամուլի հարցերով պատասխանատուն։
Նշենք՝ երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:
«Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման: Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: և ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,- գրել էր վարչապետը: