Հրապարակային երաշխավորման պատրաստակամությամբ Արցախի նախագահները խնդրում են Քոչարյանին կալանքից ազատ արձակել - RadioVan.fm

Онлайн

Հրապարակային երաշխավորման պատրաստակամությամբ Արցախի նախագահները խնդրում են Քոչարյանին կալանքից ազատ արձակել

2019-05-07 18:19 , Политика, 2560

Հրապարակային երաշխավորման պատրաստակամությամբ Արցախի նախագահները խնդրում են Քոչարյանին կալանքից ազատ արձակել

Մայիսի 9-ին ընդառաջ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին են դիմել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։

ՀՀ գլխավոր դատախազի Արթուր Դավթյանին ուղղված նամակում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։

Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար։

Հարգանքով՝

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյան»:

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Лента

Рекомендуем посмотреть