Онлайн

«Մենք մաքրելու ենք՝ ձեզ հետ, թե՝ առանց ձեզ»․ քաղաքապետարանը «Սանիթեք»-ի աղբամանների փոխարինումը կսկսի Դավթաշենից

2019-07-29 18:41 , Общество, 141

«Մենք մաքրելու ենք՝ ձեզ հետ, թե՝ առանց ձեզ»․ քաղաքապետարանը «Սանիթեք»-ի աղբամանների փոխարինումը կսկսի Դավթաշենից

«Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը: Իսկ դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը»,-այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը դիմելով «Սանիթեք» ընկերության ներկայացուցչին՝ ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանի խոսքով՝ Երևան քաղաքը չի կարող անվերջ սպասել «Սանիթեք»-ին և աղբահանությունը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ գործողություններ է ձեռնարկել:

««Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին շուրջ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը։

Այդպիսով՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» նորաստեղծ համայնքային հիմնարկը ձեռքբերած 400 աղբարկղերի առաջին խմբաքանակի տեղադրումը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից:

Հիշեցնենք՝ դժգոհ լինելով «Սանիթեք» ընկերության աշխատանքից՝ Երևանի ավագանին այս տարվա ապրիլին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում կայացրեց։Նպատակը՝ աղբահանության միակ օպերատորի՝ «Սանիթեք» ընկերությանը զուգահեռ մայրաքաղաքի աղբահանությունը իրականացնելն է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть