«Սանիթեք»-ը տուգանվել է 13 մլն դրամով․ ընկերությունը մեղադրանքը հարցի լուծում չի համարում - RadioVan.fm

Онлайн

«Սանիթեք»-ը տուգանվել է 13 մլն դրամով․ ընկերությունը մեղադրանքը հարցի լուծում չի համարում

2019-04-18 14:32 , Право, 1909

«Սանիթեք»-ը տուգանվել է 13 մլն դրամով․ ընկերությունը մեղադրանքը հարցի լուծում չի համարում

«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա: Ավելին,նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ ու բանակցություններ և առկա են դրանց վերաբերյալ արձանագրություններ, որոնցում ամրագրված է, որ ընկերությունը բազմիցս տեղեկացրել է առկա խնդիրների մասին և զգուշացրել, որ անհապաղ լուծում չտալու դեպքում Երևան քաղաքը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ, ինչին և այսօր ականատես ենք լինում»,-այդ մասին այսօր հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերության տնօրինությունը։

Տարածած հաղորդագրությունում միաժամանակ նշվում է, որ ընկերության կողմից վերհանված խնդիրները մինչ օրս չեն ստացել պատշաճ լուծումներ, իսկ «Սանիթեք» ընկերությունը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ որպես օտարերկրյա ներդրող, որոնք դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակներից:

««Սանիթեք» ընկերությանը, որպես օտարերկրյա ներդրողի, Հայաստանում մշտապես պետք է տրամադրվի առավել բարենպաստ ռեժիմ և արդար ու հավասար պաշտպանություն:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս «Սանիթեք» ընեկրության հիմնական խնդիրն է Երևանի և երևանցիների բարօրության ապահովումը. հենց դրան պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը: Աղբահանության գործընթացում առկա խնդիրների պատճառների մասին գիտեն բոլորը. խնդիրները, որոնց հետ իր գործունեության հենց սկզբից բախվում է ընկերությունը, ինչպես նաև այն վնասները, որոնք կրել ու կրում է ընկերությունը, մանրամասն ներկայացվել են պատկան մարմիններին և ընդունվել ի գիտություն, որի արդյունքում փետրվար ամսին հայտարարվել էր աղբատար մեքենաների գնման գործընթաց (տենդեր), որի հետ կապված առկա էր նախնական պայմանավորվածություն այդ մեքենաները «Սանիթեք»-ին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Այս լուծման տարբերակն իրականություն չդարձավ, բայց կան բազում այլ լուծումներ, եթե կա ցանկություն դրանք լուծելու ու կողմերի միտումներն արդար են. Կողմերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքի տեսանկյունից և հնարավորություն ունենան բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են: Մեղադրանքը հարցի լուծում չէ, հարցի լուծումը` փոխադարձ համաձայանությունն է։

Ի հավելումն ամենին՝ ևս մեկ անգամ խնդրում ենք մեր գործընկերոջը պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը ներկայացնել միմիայն օբյետիվ տեղեկատվություն, այլ ոչ միակողմանի ու ի շահ Երևանի քաղաքապետարանի։ «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ամբողջապես ապաքաղաքական ընկերություն է և ոչ մի քաղաքական վայրիվերումների չի ենթարկվում, այնպես որ խնդրում ենք մեր անունը չօգտագործել հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար»,-ասված է ընկերության տարածած հայտարարությունում։

Նշենք՝ օրեր առաջ՝ ապրիլի 15-ին, թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի:

«Մինչ այս քաղաքապետարանը, «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու եւ մինչեւ համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը: Քաղաքապետարանը հետևողական է լինելու և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու:

Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբարարար վիճակի համար եւ հայտնում ենք, որ ամենօրյա աշխատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: Իսկ մինչ այդ «Սանիթեքի» չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ»,-մասնավորապես հայտնել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Лента

Рекомендуем посмотреть