Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն այսօրվանից սկսում են աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ այդ մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեքին» վճարվելիք գումարից։
Նշենք՝ մարտի 25-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ դժգոհել էր «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:
«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա»,-ընդգծել էր քաղաքապետը։
Ապրիլի 18-ին կառավարությունը հաստատեց քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաներ ձեռք բերելու մասին որոշումը, ըստ որի էլ՝ մայիսի 5-ին 5 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ` 18, 19 և 22 տոննա բեռնատարողությամբ, բերվեցին Հայաստան։
Ապրիլին ավագանու որոշմամբ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը նախատեսում է ձեռք բերել ևս շուրջ 20 աղբատար մեքենան և մի քանի հազար աղբաման։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը