«Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում՝ այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) նախկին սահմանի հատվածում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»,-այս մասին լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) համար երեկ երեկոյան հրավիրած ֆեյսբուքյան ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո, և Սուս գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու վերաբերյալ հարցին։
«Այդ հարցի մեջ գյուղեր է թվարկվում, ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է»,-ասել է կառավարության ղեկավարը։
Իսկ թե, ի՞նչ ճակատագիր են ունենալու նշված համայնքների բնակիչները՝ Փաշինյանն ասել է․
«Լաչինի, Բերձորի բնակիչների խնդիրները կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության, Լաչինում այսօր ընտանիքներ չեն ապրում, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել․ սկզբունքը հետևյալն է՝ այդ տարածքները ԼՂԻՄ վարչական շրջաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման՝ հունիսի 10-ին Ֆրանսիայի հրապարակում կայացած մամլո ասուլիսում Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, մտահոգություն էր հայտնել, որ, «եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնում ենք Բերձորի շրջանը, Աղավնոն, որոշ հայկական գյուղեր, ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները՝ գազի, էլեկտրաէներգիայի»։
Հավելենք՝ երեկ՝ հունիսի 27-ին կայացած առցանց մամուլի ասուլիսը վերջին երկու տարվա ընթացքում վարչապետի՝ նման ձևաչափով չորրորդ ասուլիսն էր, վերջինը հունվարի 24-ին էր եղել։ Երեկվա ասուլիսը բոյկոտել էին շուրջ 3 տասնյակ լրատվամիջոցներ՝ պատճառաբանելով, թե դրանցում «հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում»։
Շուրջ 3,5 ժամ տևած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ղարաբաղ-Հայաստան ավելի հուսալի և ամուր կապի նպատակով 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երթևեկության փոփոխություն է լինելու, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, ու որ, Ադրբեջանը, հայկական կողմի հետ խոսել հրաժարվելով ու դրանում հրապարակային կերպով Հայաստանին մեղադրելով, կաթիլ-կաթիլ փորձում է նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի։
Նիկոլ Փաշինյանի առցանց մամլո ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։