Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար Ադրբեջանը հրաժարվում է գալ խոսակցության․ Փաշինյանը՝ խաղաղությանն այլընտրանք չլինելու մասին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար Ադրբեջանը հրաժարվում է գալ խոսակցության․ Փաշինյանը՝ խաղաղությանն այլընտրանք չլինելու մասին

2022-06-28 17:24 , Политика, 874

Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար Ադրբեջանը հրաժարվում է գալ խոսակցության․ Փաշինյանը՝ խաղաղությանն այլընտրանք չլինելու մասին

Ադրբեջանը հայկական կողմի հետ խոսել հրաժարվում է ու դրանում հրապարակային կերպով Հայաստանին է մեղադրում՝ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար:

Այս համոզմունքը երեկ երեկոյան կայացած առցանց ասուլիսում հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե, արդյո՞ք, այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում խաղաղության օրակարգը Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ունի ռեալ այլընտրանք՝ Փաշինյանը բացասական է պատասխանել՝ նշելով, որ երեկ էլ չի ունեցել այլընտրանք, դրանից առաջ էլ։

Ըստ Փաշինյանի՝ այլընտրանք չկա, բայց այլ բան է, թե ինչքանով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը:

«Շատ կարևոր է արձանագրել, որ խաղաղության հաստատումը չի կարող միակողմանի օրակարգ լինել, դա պետք է, այսպես ասած, հանդիպակաց, կառուցողական շարժում լինի»,-ասել է Փաշինյանը:

«Իմ գնահատականն այն է, որ այլընտրանք չունի այսօր, այլընտրանք չուներ երեկ և այլընտրանք չունի վաղը, բայց շատ կարևոր է, կամ, ինչպես ընդունված է ասել, սատանան մանրուքների մեջ է: Այլընտրանք չունի, և նաև դա է պաճառը, որ մեզնից կախված ամեն ինչ արել ենք, անում ենք և կշարունակենք անել ՀՀ-ի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար, որովհետև դրա այլընտրանքը նոր պատերազմն է, և, տեսեք, օրինակ՝ Ադրբեջանը հրաժարվում է գալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու համար: Սա ինչի՞ համար է արվում. իմ գնահատականը մեկն է. դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար, և մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների և մտադրությունների մասին, բայց նաև, ինչպես ԱԺ-ում ասել եմ, առավել ևս այդ պարագայում մեզ համար առավել սկզբունքային և կարևոր է խաղաղության օրակարգի հետևողական, համբերատար առաջմղումը, և բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ»,-նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է Բրյուսելում երեկ նախատեսված հայ-ադրբեջանական հանդիպումից, ինչպես նաև չի արձագանքել արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հայկական կողմի առաջարկին։

Փաշինյանի խոսքով՝ նախկինում էլ՝ մայիս ամսին, ՀՀ-ն երկու անգամ պատրաստակամություն է հայտնել, այսինքն՝ նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը։

«Բնական հարց է առաջանում՝ ինչու է փորձում նման տպավորություն ստեղծել Ադրբեջանը։ Պատասխանս միանշանակ է՝ այսպես կաթիլ-կաթիլ նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել՝ ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Արցախի։ Նույնն էլ՝ ճանապարհների, կոմունիկացիաների թեմայով, Ադրբեջանը փորձում է տպավորություն թողնել, որ Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ հայտարարության դրույթները իրագործել, մինչդեռ իրականությունը հակառակն է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանն իրականացրել է շրջափակման քաղաքականություն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հայկական կողմը վերին աստիճանի շահագրգռված է գործընթացն առաջ տանելու, բայց իրականում Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

ՀՀ վարչապետի առցանց ասուլիսի, որի ժամանակ նա հայտնել է նաև, որ Ղարաբաղ-Հայաստան ավելի հուսալի և ամուր կապի նպատակով 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երթևեկության փոփոխություն է լինելու, մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть