3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երթևեկության փոփոխություն է լինելու՝ Ղարաբաղ-Հայաստան ավելի հուսալի և ամուր կապի նպատակով․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երթևեկության փոփոխություն է լինելու՝ Ղարաբաղ-Հայաստան ավելի հուսալի և ամուր կապի նպատակով․ Փաշինյան

2022-06-28 17:20 , Политика, 833

3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երթևեկության փոփոխություն է լինելու՝ Ղարաբաղ-Հայաստան ավելի հուսալի և ամուր կապի նպատակով․ Փաշինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված է, որ 3 տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պետք է տեղի ունենա Լաչինի (Բերձոր) միջանցքի երթուղու փոփոխություն։

Այս մասին լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) համար երեկ երեկոյան հրավիրած ֆեյսբուքյան ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցմանը։

Փաշինյանը նշել է, որ այս ընթացքում երթուղու փոփոխության հարցով քննարկումներ եղել են, նախնական համաձայնություններ ձեռք են բերվել։

«Այդ փոփոխությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար ավելի հուսալի և ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է»,-ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ, իրենց մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի գործընկերների հետ են, որովհետև եռակողմ հայտարարության հիման վրա միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

«Երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանի տարածքում նույնպես պետք է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվեն նման լուծման գնալու համար։

Փաշինյանի փոխանցմամբ՝ այս փուլում դեռ նախագծման աշխատանքներն են սկսվել։

«Երբ վերջնական ըմբռնում լինի, որ հայկական կողմն իր նպատակին հասնում է, այսինքն՝ ավելի արագ և որակյալ ճանապարհ կունենանք՝ ռուս խաղաղապահների լիրաժեք վերահսկողության ներքո, կգնանք այդ լուծումներին»,-հավելել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Ի դեպ, նշենք, վերջին երկու տարվա ընթացքում վերոնշյալը վարչապետի՝ առցանց ձևաչափով չորրորդ ասուլիսն էր, վերջինը հունվարի 24-ին էր եղել։ Երեկվա ասուլիսը բոյկոտել էին շուրջ 3 տասնյակ լրատվամիջոցներ՝ պատճառաբանելով, թե դրանցում «հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում»։

Лента

Рекомендуем посмотреть