ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող ու օրեր առաջ «ջրբաժան» հայտարարած «Դիմադրություն» շարժման նախաձեռնողներից ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Սիրելի հայրենակիցներ, Դիմադրության շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի։
Խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրվա իշխանությունը մերժում է ազգային և պետական շահերին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյան կարմիր գծեր սահմանելը և դրանով իսկ մեկ անգամ ևս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետության և ժողովրդի հետ։
Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։
Նրանց մեծամասնության համար այդ շանսը դեռ կա։ Նրանք դեռ կարող են ազատվել երկիրը թշնամուն հանձնելու, պետականությունը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատվությունից։
Նրանք դեռ կարող են տարանջատվել Նիկոլից:
Սիրելի հայրենակիցներ, սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։
Հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։
Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղվա օրվան։ Մենք ճիշտ ընթացքի մեջ ենք։ Պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտին։
Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։
Աստծով, ոգով, մինչև վերջ»։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի (ԱԺ) նիստերը բոյկոտած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, օրակարգում՝ ընդդիմության ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին հարցն է:
Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը, հայտարարել է, որ չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու, խմբակցության որակմամբ՝ «Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին»։
Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ ժողովուրդը սահմանել է պահանջներ, որի վերաբերյալ բոլոր գերատեսչությունների, հասարակական կառույցների դիրքորոշումը պարզելու համար մինչև հունիսի 3-ը գնալու են դռնեդուռ։
«Ժողովուրդն ունի իր օրակարգը։ Ժողովուրդը պայքարել և արյուն է թափել այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մինչ հունիսի 3-ը մենք կպարզենք՝ ով է այս օրակարգին կողմ և ով՝ դեմ։ Ով է մեր ժողովրդի հետ և ով՝ դեմ։ Հունիսի 3-ին ջրբաժան է»,-«Համահայկական դիմադրության» հանրահավաքին հայտարարել է դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ հինգ օր ժամանակ ունեն ամբողջական պատկերը ստանալու։
Հավելենք՝ ընդդիմադիրների հրապարակած փաստաթղթում ամրագրված են հետևյալ կետերը․
- Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
- Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
- Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
- Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
- Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
- Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ: