«Ով է ժողովրդի հետ և ով՝ դեմ»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրություն»-ը Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև էր, որտեղից բուժկենտրոն 4 անձ է տեղափոխվել - RadioVan.fm

Онлайн

«Ով է ժողովրդի հետ և ով՝ դեմ»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրություն»-ը Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև էր, որտեղից բուժկենտրոն 4 անձ է տեղափոխվել

2022-05-30 18:53 , Политика, 1324

«Ով է ժողովրդի հետ և ով՝ դեմ»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրություն»-ը Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև էր, որտեղից բուժկենտրոն 4 անձ է տեղափոխվել

«Ժողովուրդն ունի իր օրակարգը։ Ժողովուրդը պայքարել և արյուն է թափել այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մինչ հունիսի 3-ը մենք կպարզենք՝ ով է այս օրակարգին կողմ և ով՝ դեմ։ Ով է մեր ժողովրդի հետ և ով՝ դեմ։ Հունիսի 3-ին ջրբաժան է»,-այդ մասին մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում կայացած «Համահայկական դիմադրության» հանրահավաքին հայտարարել է Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։

Մինչև հունիսի 3-ը, ըստ Սաղաթելյանի, յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի հայ ժողովրդի համար կենսական այս հարցերում․

  • Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
  • Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
  • Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
  • Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
  • Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
  • Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
  • Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացումբացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման նախաձեռնողներն ու համակիրներն այսօր Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասել էին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի առջև՝ «հանդիպելու այդ շենքում աշխատողների հետ և ճշտելու նրանց դիրքորոշումը ժողովրդի օրակարգի վերաբերյալ»։

Պատգամավորները ներս մտնել չեն կարողացել, քաշքշուկ է սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև, որի ընթացքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, ով նախապես հայտարարել էր, որ չեն հեռանալու շենքի մոտից, մինչև չհանդիպեն նախարարներին, հայտարարությունից շուրջ մեկ ժամ անց նշել է, որ իր տեղեկությամբ նախարարները շենքի հետնամուտքից հեռացել են:

Ընդդիմադիրները ապաշրջափակել են շենքը, շատ չանցած նորից վերադարձել տարածք, որտեղ կրկին քաշքշուկ է սկսվել:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի:

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:

Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացուց 2-ը ոստիկանության ծառայողներ են»,- գրել է Դանիելյանը:

Лента

Рекомендуем посмотреть