«Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ»,-այդ մասին, Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ ՀՀ կառավարությունում վարչապետի և Արցախի նախագահի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է:
«Պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»,-ասել է Փաշինյանը։
Փաշինյանը, միաժամանակ, ասել է, որ համատեղ աշխատանքի հսկայական հատվածը վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին:
«Սա առանցքային է, որովհետև էլի սկզբունքային է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում մարդիկ ապրեն, իրենց զգան անվտանգ և ապագա տեսնեն Արցախում ապրելով: Իհարկե, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, Հայաստանի Հանրապետության մասին է, և ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում: Սա շատ կարևոր է: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում և ուրախ եմ և ուրախ եմ լինում, երբ Արցախի իշխանություններն այդ համոզմունքը կիսում են»,-իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք՝ խորհրդակցությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է»։
Արցախի նախագահն էլ իր հերթին նշելով, որ, արցախահայությունը ողջունում ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա, արձանագրել է, որ ինքնորոշման իրավունքից, որին իրենք սկիզբ են դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չեն տեսնում։