«Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է»,-այդ մասին, Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ ՀՀ կառավարությունում վարչապետի և Արցախի նախագահի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը, ասել է Նիկոլ Փաշինյանը, ով օրեր առաջ «պատասխանատու կերպով» հայտարարել է, որ «չի եղել և չկա սեղանին դրված Ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր»։
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նա նշել է, որ կարևոր է համարում և բարձր է գնահատում Արցախի նախագահի՝ վերջին շրջանում արած մի հայտարարություն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգը:
Փաշինյանը, ընդգծելով, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, պարզաբանել է․
«Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Եվ պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»:
Փաշինյանը, համաձայնելով Արցախի նախագահի դիտարկմանը, որ անվտանգությունն այսօր թիվ մեկ խնդիրն է, արձանագրել է․
«Մեր մտահոգությունը՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել, և մենք, ինչպես բազմիցս ասել ենք և շարունակում ենք այդ դիրքորոշումն ունենալ՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց: Սա կարևոր խնդիր է, և կարծում եմ՝ նաև արցախցիների համար է կարևոր խնդիր՝ գնահատելու համար անվտանգության երաշխիքների այն համակարգը, որն այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում»։
Խորհրդակցության մանրամասները՝ տեսանյութում։