«Բարեբախտաբար, այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա, բայց, մյուս կողմից, արձանագրել է, որ ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում»,-այդ մասին, Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը, ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ձևավորված այն տեսակետի համար, որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող։
«Այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Դա մենք բոլորս հասկանում ենք և այդ առումով հասկանում ենք նաև, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու:
Երկրորդը՝ անվտանգային բաղադրիչը, որն այսօր ամենակարևորն է: Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում արդեն ռուս խաղաղապահների, իհարկե, անմիջապես միջնորդությամբ կարծես թե կայունացել է, և այսօր հիմք և հնարավորություն է տալիս արդեն քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը:
Իսկ, ամենակարևորը, սոցիալ-տնտեսականն է այս փուլում. եթե չլինի մարդ Արցախում, ապա անիմաստ են դառնում քաղաքական պայքարը և նաև անվտանգության մասին խոսելը: Դրա համար ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից դառնում են կարևոր, ակտուալ, և այն ծրագրերը, որոնց սկիզբ է դրվել պատերազմից հետո, շարունակվում են: Եվ գտնում ենք, որ դրանք ոչ միայն պետք շարունակվեն, այլև այն հավակնոտ ծրագրերը, որ սկսել ենք, ավարտենք: Եվ մեր գլխավոր նպատակը, գլխավոր խնդիրն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են: Այս ամենում որևէ խնդիր չենք ունեցել: Բայց նաև կան հարցեր, որոնց մասով ակնկալում ենք այսօրվա քննարկման ժամանակ ստանալ պատասխաններ, որով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը՝ այդ ծրագրերը շարունակելու առումով»,-միաժամանակ ասել է Արցախի նախագահը։
Նշենք՝ խորհրդակցությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է»։
Խորհրդակցության մանրամասները՝ տեսանյութում։