«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք»․ «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման» խնդրով Հարությունյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել - RadioVan.fm

Онлайн

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք»․ «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման» խնդրով Հարությունյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել

2022-04-14 14:44 , Политика, 753

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք»․ «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման» խնդրով Հարությունյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Արցախի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում (ԱԺ) Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն իր ելույթում հայտարարել է, թե այսօր միջազգային հանրությունն իրենց կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ունեցած նշաձողը, հակառակ դեպքում՝ խնդրում են իրենց վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, պարզաբանել է Փաշինյանը, որ չեն չեն ուզում օգնել, այլ, որ չեն կարող օգնել: Հետևաբար, ընդգծել է Փաշինյանը, Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին և, եթե նախկինում, նրա խոսքով, հիմքում դնում էին Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, «այժմ հիմքում դնում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը»:

«Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,-պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս ելույթը վրդովմունք է առաջացրել Արցախի հասարակական ոլորտի ներկայացուցիչների շրջանում, նրանց պահանջով կայացել է հանդիպում Արցախի նախագահի հետ, որից պահանջել են «ՀՀ վարչապետի կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը»: Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից։

Лента

Рекомендуем посмотреть