«Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից»․ Հարությունյանը՝ Փաշինյանի ելույթից վրդովված ՀԿ-ներին - RadioVan.fm

Онлайн

«Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից»․ Հարությունյանը՝ Փաշինյանի ելույթից վրդովված ՀԿ-ներին

2022-04-14 14:43 , Политика, 2319

«Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից»․ Հարությունյանը՝ Փաշինյանի ելույթից վրդովված ՀԿ-ներին

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով։

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում (ԱԺ) Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն իր ելույթում հայտարարել է, թե այսօր միջազգային հանրությունն իրենց կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ունեցած նշաձողը, հակառակ դեպքում՝ խնդրում են իրենց վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, պարզաբանել է Փաշինյանը, որ չեն չեն ուզում օգնել, այլ, որ չեն կարող օգնել: Հետևաբար, ընդգծել է Փաշինյանը, Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին և, եթե նախկինում, նրա խոսքով, հիմքում դնում էին Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, «այժմ հիմքում դնում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը»:

«Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,-պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть