«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում՝ մեզ վրա հույս չդնեք»․ Փաշինյանը ԱԺ-ում - RadioVan.fm

Онлайн

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում՝ մեզ վրա հույս չդնեք»․ Փաշինյանը ԱԺ-ում

2022-04-13 11:50 , Политика, 1032

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում՝ մեզ վրա հույս չդնեք»․ Փաշինյանը ԱԺ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, Ազգային ժողովում (ԱԺ) Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը, հանդես է եկել ելույթով, խոսել ձեռքբերումների, բացթողումների, 44-օրյա պատերազմի և, նաև՝ Արցախի ու Հայաստանի անվտանգային հարցերի մասին։

«44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է: Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին: Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը. ինչու այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել:

Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի և թե պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը և թերևս բոլոր՝ թե քաղաքական, թե բարոյական և թե ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ: և ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում:

Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:

Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին:

Եւ սա չանելն է իմ իրական մեղքը և մեղադրանքի նման ձևակերպումը ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եւ, թերևս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի ժողովուրդ,

Իրավիճակի բարդությունն այն է, որ սրանով պատմությունը չի ավարտվում, որովհետև մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը և երրորդ հարցը՝ այդ ամենը կյանքի կոչելը:

Որպեզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եւ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչու՞ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով, մինչև օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ և այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Սանասա՞ր, թե Կուբաթլի, Զանգելա՞ն, թե Կովսական»:

Այն նույն պատճառով, որ Արցախի և Հայաստանի մի շարք խորհրդարանական գործընկերներ մինչև օրս Արցախի տարածքային ամբողջականության մասին խոսելով հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլև 7 շրջանները, որոնք Արցախի օրենսդրությամբ մինչև օրս էլ համարվում են Արցախի Հանրապետության մաս:

Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանը ասել ենք, թե բոլոր զրկանքները, որ կրել ենք և կրում ենք՝ ունի մի մեծ նպատակ և այդ նպատակը Արցախի ազատությունն է: Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու է և դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցված բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնները ընդհանուր առմամբ նույն ուղղությամբ էին մտածում, այն իմաստով, որ բոլորն էլ աներկբա ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայցևայնպես միակամ և միասնական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով և այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, ի վերջո Լեռնային Ղարաբաղում միանշանակորեն հանգեցնելու էին պայթյունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ և որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար:

Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն մենք ստեղծել ենք ֆասադ և լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը: Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ, ու առավելևս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով:

Բայց, հարգելի գործընկերներ, ես սա հիմա չեմ ասում անցյալի մասին խոսակցություն բացելու համար, ես սա ասում եմ ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Որովհետև բովանդակային առումով նույն իրավիճակն է հիմա և ես չեմ ուզում նույն սխալները կրկնել: Չեմ ուզում և չեմ կարող այս մասին ուղիղ և անկեղծ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին:

Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլև Հայաստանի համար:

Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ:

Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Վերջերս մի օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ ունեցած զրույց շատ խորը հետք է թողել իմ մտքում: Այդ պաշտոնյան ասում էր, որ իր ժողովուրդը վերջին 200 տարվա ընթացքում 7 անգամ դիլեմայի առաջ է կանգնած եղել. կռվե՞լ, թե չկռվել: Եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու հաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու անհաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են չկռվել, բայց չեն կարողացել չկռվել, որովհետև կռիվը պարտադրվել է իրենց: Բայց մեծ հաշվով այդ հարցը անընդհատ հառնում է ժողովուրդների առաջ, որովհետև կա մի սարսափելի փաստ. այսօր աշխարհում, կամ հին աշխարհում կամ չկա կամ շատ քիչ են երկրները, ովքեր գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով և արդար են համարում դրանք: Չկա պարզապես, բայց ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ պետք է կանգ առնել ու ինքը՝ այդ պաշտոնյան, շնորհակալ է իր այն սերնդին, որը կանգ առնելու որոշում է կայացրել և որ կարևոր է՝ կարողացել է կյանքի կոչել այդ որոշումը:

Սիրելի ժողովուրդ,

Սրանք են այն սոցիալ հոգեբանական մոտիվները, որոնք մեզ և անձամբ ինձ ստիպում են ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների ավելի ու ավելի հետևողական ու համոզված պնդել, որ Խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար: Այն ամենը, ինչ ես ասացի, իրականում հեշտ չէ ասելը, իրականում հեշտ չէ այս ամենը ասելու որոշում կայացնելը: Այս ամենը ասելը դժվար է բազմաթիվ պատճառներով՝ սկսած նրանից, որ հայի ետին խելքը նորից հառնում է իր ողջ պերճանքով ու դժբախտությամբ:

Բայց եթե Աստված և ժողովուրդը շատերի համար անսպասելի և անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը և ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը և այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք իմ խաչը, որը պիտի տանեմ: Եւ, քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ ավագ շաբաթ է, պիտի նաև խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաև Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծո որդիներ պիտի կոչվեն:

Բայց քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետև հիմա մեզ առավել քան երբևէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում և իրատեսական գնահատական: և այս համատեքստում կուզենայի անդրադառնալ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների և անելիքների, խոսել ռիսկերի և հնարավորությունների, սպառնալիքների և հույսերի մասին:

Նախ ս/թ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Այո ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձևաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի ու որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո մտնում է մեր պլանների մեջ:

Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել, դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար, դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի:

Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը: Այս է պատճառը, որ մենք նաև դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչև ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, և սկսել աշխատանքը:

Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշգրտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում և այս հենքի վրա համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա, որովհետև վերևում արդեն նշեցի՝ նման գործելակերպի վտանգների մասին:

Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային ետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել և մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության և կայունության որոշակի մակարդակ կա, ինչը ցավոք չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:

Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես և ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել և Բրյուսելում ցուցաբերել ենք այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքին տիրող անվտանգային միջավայրին:

Ուզում եմ ընդգծել, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռքբերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաև հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե Ռուսաստանի Դաշնության, թե Արևմտյան և թե մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին:

Հարկ եմ համարում նշել, որ դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ինչպես կարելի է կռահել անվանումից, ունենալու է կրկնակի մանդատ: Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաև՝ սահմաններում անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել:

Տեղեկացնեմ նաև, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձևաչափի և անհատական կազմի վրա և ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ և ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում:

Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային պիտի հիշեցնեմ, որ մենք բազմիցս ենք հայտարարել այդ գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: Ս/թ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը մեզ է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Այդ սկզբունքները հետևյալն են.

- փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում և հարգում,

- միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում և դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,

- միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,

- սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա և դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

- տրանսպորտային և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձևով քննարկել ենք, և արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ՝ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձևավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով և այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է:

Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: և հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:

Եւ հետևաբար՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին և այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Ինչն է կարևոր արձանագրել այս իրավիճակում. մի շատ կարևոր նրբություն: Որ եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները:

Ուզում եմ ընդգծել՝ այս հարցում Հայաստանի վարած քաղաքականության մեջ առկա ևս մեկ նորամուծություն: Ինչպես սահմանագծման դեպքում, ԼՂ կարգավիճակի հարցում էլ մեզ համար չափազանց կարևոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը ու այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը 2021թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի՝ Արդարադատության միջազգային դատարան: Հայցը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա և մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը ցավոք շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ոլորտում և կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին միջազգային հանրության ունեցած պատկերացումների նշաձողը:

Բայց այսօր էլ պիտի ընդգծենք, որ Ադրբեջանն իր գործողություններով ավելի ու ավելի հիմնավոր է դարձնում այդ երկրին ազգային ատելության քաղաքականություն վարելու մեջ մեղադրող մեր հայցը: Այսպիսի մի գործողություն Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն էր, որտեղ ցուցադրվում էին հայ արնահոսող զինվորների մանեկեններ և որոնց ֆոնին լուսանկարվում էին պետական մակարդակով պուրակ տարվող ժպտերես ադրբեջանցի դպրոցականները: Նշված մանեկեններն, ի դեպ, այդտեղից դուրս բերվեցին հենց միջազգային դատարանի որոշման արդյունքում:

Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության ամենաթարմ ապացույցը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի դեպքերն են ու դրան նախորդած իրադարձությունները: Նախ՝ Ադրբեջանը պայթեցրեց Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող միակ խողովակը այն ժամանակ, երբ Ղարաբաղում աննախադեպ ցրտեր էին սկսվել: 11 օր տևեց մինչև խողովակաշարը վերականգնվեց, բայց պարզվեց նաև, որ նորոգման արդյունքում Ադրբեջանը փական է տեղադրել խողովակի վրա, ու այդ փականը փակվեց այն օրը, երբ Ղարաբաղում աննախադեպ քանակի ձյուն տեղաց, մինչև մեկուկես մետր, իսկ օդի ջերմաստիճանը նվազեց մինչև մինուս ութ: Հակահայկական այս ակցիան ըստ էության շարունակությունն էր այն բանի, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակիչներին բարձրախոսներով հայերեն և ռուսերեն կոչ էր անում լքել իրենց գյուղերը, հակառակ դեպքում սպառնալով նրանց ուժով դուրս մղել այնտեղից: Այս հայտարարությունները զուգորդվում էին գիշերային ժամերին լուսարձակներով այդ գյուղերի բնակիչների տները լուսավորելով և բարձրախոսներով մուսուլմանական աղոթքի հրավեր՝ ազան միացնելով: Սա ոչ այլ ինչ է, քան կրոնական ահաբեկչության դրսևորում և մյուս կողմից՝ իսլամի վարկաբեկում:

Բայց Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական և առանցքային խնդիրներից է:

Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար:

Սա բացարձակ անհրաժեշտություն է և լրջագույն փորձություն Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համար: Ի դեպ՝ այստեղ ուզում եմ զեղում անել տեքստից և ասել, որ տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Ինչո՞ւ է տարակուսանքի տեղիք տալիս: Որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Եւ ի դեպ՝ ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամվորների շարժն արգելելու կամ արգելափակելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Եւ ասվածին կարող ենք այս նրբությունը նույնպես ավելացնել:

Շարունակելով Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության թեման, ընդգծեմ, որ դրա կարևորագույն ապացույցներից մեկը հայկական եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները վերացնելու աշխատանքային խմբի ձևավորումն է Ադրբեջանի մշակույթի նախարարությունում: Այս բոլոր փաստերը մենք մանրամասնորեն պիտի օգտագործենք Արդարադատության միջազգային դատարանում: Այդ փաստերը պիտի դարձնենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության էֆեկտիվ մեխանիզմների գործարկման անհրաժեշտության հիմնավորում:

Եւ իհարկե, այս փաստերը պիտի օգտագործենք խաղաղության բանակցություններում մեր դիրքորոշումները հիմնավորելու և դրանց միջազգային լեգիտիմությունը ապահովելու համար:

Ինչ վերաբերում է խաղաղության բանակցությունների կազմակերպման բուն գործընթացին, տեղյակ եք անշուշտ, որ մեր դիրքորոշումները ֆիքսելով, մենք այն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով փոխանցել էինք Ադրբեջանին, արձանագրել, որ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին և համանախագահությանը խնդրել էինք աջակցել խաղաղության բանակցությունների կազմակերպման գործում կամ կազմակերպել այդ բանակցությունները:

Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Այս տեղեկատվության հրապարակումից հետո մեր հասցեին հնչեց քննադատություն, թե մենք փաստորեն հրաժարվել ենք ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից:

Իրականությունը մի փոքր այլ է: Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, պաշտպանում ենք այդ գաղափարը, բայց նաև գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Այդ լարվածությունը, ի դեպ, սկիզբ էր առել դեռ 2011 թվականին՝ Սիրիայի իրադարձություններից, ինչը անխուսափելիորեն ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանային զարգացումների վրա: և հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին, մյուս կողմից երկկողմ խոսակցությունների մեկնարկը որևէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավումը գործընթացում: Եվ մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը:

Եւ այո, մեր համոզմունքն այն է, որ գործընթացի նախապատրաստությունը պետք է մեկնարկել անհետաձգելիորեն և պետք է հուսալ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կկարողանան տրված հանձնարարականները պատշաճ ժամանակում կատարել: Կարևոր է արձանագրել, որ այսօր ողջ միջազգային հանրությունը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում և այս պատեհությունը պետք է իսկապես օգտագործել:

Չնայած՝ անզեն աչքով էլ նկատելի է խաղաղության օրակարգի մի շարք հարցերում միջազգային գործընկերների անմիջական ներգրավվածությունը: Գիտեք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ: Սա չի խանգարում, որ այս հարցը մենք քննարկենք նաև ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ: Նաև՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվեցինք ակտիվացնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները:

Ադրբեջանը, ի դեպ, այստեղ էլ փորձում է գործընթացը փակուղի մտցնել, ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության: Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է մեզ համար: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգը իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա: Կամ էլ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս է պատճառը, որ մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն միևնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի հարգարժան տեղակալներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Այս բոլոր փաստերից անդին, հաջողություններից ու ահնաջողություններից այնկողմ ու վեր, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման մեր մտահոգությունն է ու առավել քան սրված դարակազմիկ մարտահրավերները: Մեզնից անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու համար և պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել:

Բայց մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, Խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար Կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ և բալանսավորված քաղաքականություն և մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար:

Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ և բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ:

Եւ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի:

Եւ համոզված եմ, մենք դա կանենք և դա է մեր պատմական առաքելությունը: Շնորհակալություն»,-իր ելույթում ասել է ՀՀ վարչապետը, որի ամբողջական սղագրությունը՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть