Ուկրաինայի նախագահի վարչակազմը հայտնում է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինայի նախագահի վարչակազմը հայտնում է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին

2022-03-14 16:37 , Мир, 1301

Ուկրաինայի նախագահի վարչակազմը հայտնում է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին՝ այսօր՝ մարտի 14-ին, տեսաֆորմատով։

«Բանակցություններ։ Չորրորդ փուլ՝ խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին: Բարդ խոսակցություն»,-Twitter-ում գրել է Պոդոլյակը:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Պատերազմի 19 օրերի ընթացքում կողմերը՝ պատվիրակությունների մակարդակով, բանակցությունների նպատակով 3 հանդիպում են ունեցել, որոնց արդյունքներով Ռուսաստանը և Ուկրաինան ըմբռնման են հասել միայն հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում։ Ուկրաինական կողմը վերջին՝ մարտի 7-ի հանդիպումից հետո հայտարարել էր, որ հրադադարի և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները կշարունակվեն։

Մարտի 10-ին Անթալյայում միջնորդ կողմի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայությամբ կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Շուրջ 1,5 ժամ տևած հանդիպումից հետո կայացած առանձին մամլո ասուլիսում Կուլեբան հայտնել է, որ չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինայում 24-ժամյա հրադադարի շուրջ, Լավրովն էլ հայտնել է, որ եռակողմ հանդիպման շրջանակներում ռուսական կողմը հակասությունները լուծելու վերաբերյալ Կիևին կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, և Կիևը «ռուսական նախագիծը հաշվի է առել և պատասխան կտա»։

Лента

Рекомендуем посмотреть