Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը.այս մասին Twitter-ում գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է դատարանի որոշումը և անհամբեր սպասում է դրանց իրականացմանը Ադրբեջանի և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
#ICJ granted almost all the provisional measures requested by Armenia against Azerbaijan, and rejected the majority of Azerbaijan’s requested measures. #Armenia welcomes the orders and looks forward to their practical implementation by #Azerbaijan its high ranking officials pic.twitter.com/i0HpSvdBNt
— Yeghishe K. (@YeghisheK) December 7, 2021
Հիշեցնենք, երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում միմյանց դեմ քննվող դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ իր որոշումները:
Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը գտել է, որ առկա է կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և ըստ այդմ Ադրբեջանին պարտավորեցրել է՝
- բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք 2020թ. հակամարտությամբ պայմանավորված հայտնվել և պահվում են Ադրբեջանում, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը,
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ազգությամբ և էթնիկ հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության և ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից,
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների և այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները:
Դատարանը նաև հիշեցրել է Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունն առ այն, որ հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ հայ զինվորների սաղավարտները ընդմիշտ հեռացվել են ռազմավարի պուրակից և հետագայում չեն ցուցադրվելու:
Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած պահանջներին՝ դատարանը մերժել է դրանց հիմնական մասը, այդ թվում՝ ականապատ տարածքների քարտեզների տրամադրման և Հայաստանի կողմից ականապատումն արգելելու վերաբերյալ:
Դատարանը մասնակիորեն բավարարել է Ադրբեջանի ներկայացրած միայն մեկ պահանջ, այն է՝ պարտավորեցնել Հայաստանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռասայական ատելության հրահրումը և խթանումը կանխելու համար, այդ թվում՝ անհատների և կազմակերպությունների կողմից»:
Երկու որոշումներում դատարանը պարտադրել է կողմերին զերծ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնք կարող են հանգեցնել դատարանում քննվող վեճի սրմանը կամ երկարաձգմանը՝ դատարանի համար դժվարացնելով վեճի լուծումը:
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունից տարածած հաղորդագրությունում շեշտում են, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և դատարանին ծանուցելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։