ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ երեկուշ երեկոյան հետևել էՏաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։
«Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։
2021թ․ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․ին և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։
17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահտվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։
2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։
Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ»,-մանրամասնել է նախարարը։
Հիշեցնենք՝ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Այդ առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նամակներ էր հասցեագրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը՝ «այլ երկրների մեքենաների անօրինական մուտքը Ղարաբաղ կանխելու խնդրանքով»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել է, որ Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման։