Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ այսօր կեսօրից «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։
ԱԱԾ հաղորդմամբ՝ ծառայության սահմանապահ զորքերը և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Նշենք՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրման մասին բարձրաձայնել է լրագրող Անուշ Միրզոյանը՝ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով դա փաստող լուսանկար։
Հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նամակներ է հասցեագրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը՝ «այլ երկրների մեքենաների անօրինական մուտքը Ղարաբաղ կանխելու խնդրանքով»: