Այսօր 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցն է։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման անցավ արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ Արդրբեջանի սանձազերծած պատերազմը 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո՝ ավարտվեց 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությամբ, որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին։
Համաձայն հայտարարության՝ Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։ Հայտարարության կետերից մեկով էլ՝ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում է նաև Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։
Ըստ այդմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը։ Արցախի Ազգային ժողովն այդ տարածքների իրավական կարգավիճակի մասին հայտարարություն ընդունեց՝ դրանք համարելով Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված (օկուպացված)։
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
Հայկական կողմի տվյալով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 100-ից։
Երևանից և Վաշինգտոնից իրավապաշտպանները շուրջ 100-ի մասով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։
Այդուամենայնիվ, գերիների հստակ թիվը հայտնի չէ․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին հղած նամակներում ահազանգել է, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են։
Օգոստոսին հրապարակած արտահերթ զեկույցում էլ Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց, զինծառայողների նկատմամբ համակարգային, անմարդկային խոշտանգումների բազմաթիվ փաստեր է ներկայացրել:
Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի հրապարակած զեկույցի՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող հուշարձաններից ջնջել բոլոր հայկական արձանագրությունները:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը