Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է Արցախի գրավյալ (օկուպացված) տարածքներում գտնվող հուշարձաններից ջնջել բոլոր հայկական արձանագրությունները:
Այս մասին թվիթերյան գրառմամբ ահազանգում է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի բռնապետն անձամբ է Արցախի գրավյալ տարածքներից հայկական հետքերը սրբելու հրահանգ տալիս: Ալիևի ռեժիմի պատերազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,- գրել է դեսպանը։
The #Azerbaijan|i dictator personally instructs to wipe off Armenian traces from the occupied areas in #Artsakh. #WarCrimes by @presidentaz regime continue at full scale. @europanostra @Jos_Douma @NLMFAEurope @MFA_Lu https://t.co/a0weBzJ2A7
— Tigran Balayan (@tbalayan) March 17, 2021
Հիշեցնենք՝ երեկ Իլհամ Ալիևը՝ կնոջ ու դստեր ուղեկցությամբ, այցելել է Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի Հադրութի շրջան։ Այցի շրջանակում նրանք, ավանդույթի համաձայն, այցելել են նաև հայկական եկեղեցի՝ հայտարարելով, որ ո՛չ գրությունները, ո՛չ ճարտարապետությունը հայկական չէ, այլ՝ ալբանական է։ Հրապարակված լուսանկարներից երևում է, որ եկեղեցու վրա այլևս խաչ չկա:
Նկատենք՝ պատահական չէ, որ Բաքուն թույլ չի տալիս ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին մուտք գործել Արցախ ու գնահատել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող եկեղեցիների ու պատմական հուշարձանների վիճակը։ Մինչդեռ, պաշտոնական Երևանը բարձրաձայնել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է։
Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի հրապարակած զեկույցի՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը