Ռազմագերիների հարազատների նստացույցը կվերսկսվի, եթե Փաշինյանը մինչև հուլիսի կեսերը չկատարի պայմանավորվածությունները - RadioVan.fm

Онлайн

Ռազմագերիների հարազատների նստացույցը կվերսկսվի, եթե Փաշինյանը մինչև հուլիսի կեսերը չկատարի պայմանավորվածությունները

2021-06-24 17:38 , Общество, 1132

Ռազմագերիների հարազատների նստացույցը կվերսկսվի, եթե Փաշինյանը մինչև հուլիսի կեսերը չկատարի պայմանավորվածությունները

Ռազմագերիների հարազատները, ովքեր հունիսի 23-ի երեկոյից նտացույց էին իրականացնում ՀՀ Կառավարության շենքի առջև երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո որոշում են կայացրել դադարեցնել այն։

Բաքվում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրանը, հայտնում է, որ որոշումը կայացվել է կառավարության կողմից որոշակի ժամկետներում որոշակի գործողությունների իրականացման պայմանով։

«Կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։

Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրանը Ամբարդարյանը։

Նշնեք՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո Արցախի Հին Թաղերից ու Խծաբերդից գերեվարված պահեստազորայիններից մի քանիսի հարազատները կառավարության շենքի առջև նստացույցով պահանջում էին անհապաղ, առանց նախապայմանների վերադարձնել իրենց զավակներին:

Հարազատներին մեծապես անհանգստացնում է Բաքվում ընթացող դատավարությունների փաստը։

«Քանի կար կսեր ժամանակի հարց է, ամիսմ կտևե, երկուս, իրեք։ Ես ինչ գիդենամ՝ էգուց երեխուս 20 տարի կդատեն իրանց օրենքներով, ես մենակ ինձնով ի՞նչ կրամ էնեմ։ Էկել եմ ես իմ էրեխուս գուզեմ»,-նշել էր նստացույց հայտարարծ ռազմագերներից մեկի հայրը։

Հիշեցնենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 16-ին սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց Բաքուն մեղադրում է ահաբեկչության և դիվերսիոն գործողություններ կատարելու մեջ։

Օրերս հրապարակվեց «դիվերսանտներ» ներկայացվող ու քրեական հետապնդման ենթարկված 26 հայ ռազմագերիների անունները, որոնք գերեվարվել են 2020-ի 44-օրյա պատերազմի դադարեցման մասին Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Հունիսի 14-ին Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վճռով 20 տարվա ազատազրկման դատապարտվեց հրադադարից հետո Բերձոր-Շուշի ճանապարհահատվածից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 25-ին անդրադառնալով, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստին՝ հայտարարել է, որ, չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավոր Լուկաս Ֆուրլասը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանի բանտերից Հայաստան է վերադարձվել 89 գերեվարված անձ, որոնցից 6-ը գերեվարված է եղել մինչ 2020 թվականի պատերազմը, հաստատված գերիների թիվը 60-ն է և կա վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ․ տվյալները հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 17-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում վարչապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ։

Лента

Рекомендуем посмотреть