«Մեր զավակներին՝ անկախության իրական տերերին, ՀՀ միակ անկախ մնացած բարձունքում երդվենք, որ վերադառնալու է այդ անկախությունը». մոմերով երթ՝ դեպի «Եռաբլուր» - RadioVan.fm

Онлайн

«Մեր զավակներին՝ անկախության իրական տերերին, ՀՀ միակ անկախ մնացած բարձունքում երդվենք, որ վերադառնալու է այդ անկախությունը». մոմերով երթ՝ դեպի «Եռաբլուր»  

2021-09-21 20:30 , Общество, 1093

«Մեր զավակներին՝ անկախության իրական տերերին, ՀՀ միակ անկախ մնացած բարձունքում երդվենք, որ վերադառնալու է այդ անկախությունը». մոմերով երթ՝ դեպի «Եռաբլուր»

«ՏՂԱՆԵՐԻՆ ՈՒ ՄԵԶ ՄԵՆԱԿ ՉԹՈՂՆԵՔ». 2020-ի 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիներից մի քանիսի մայրերի ցանկությանը՝ Անկախության օրը լինել իրենց զավակների հետ, տասնյակ քաղաքացիներ էին միացել ու համախմբվել Երևանի Ազատության հրապարակում։

«Քանի դեռ մեր ճանապարհները փակում է թշնամին, քանի դեռ մեր բարձունքներին օտարի դրոշներ են, քանի դեռ մեր զավակները գերի են թշնամու ձեռքին, քանի դեռ մենք այսպես ծնկած, ողորմացողի դերում ենք՝ մենք անկախություն չունենք»,-հրապարակի հարթակից իր ելույթում ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայր, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանը՝ առաջարկելով ներկաներին ջահերով և մոմերով քայլերթ իրականացնել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Ոզում եմ, որ մենք այսօր քայլերթով գնանք ու մեր զավակներին՝ անկախության իրական տերերին, Հայաստանի միակ անկախ մնացած բարձունքում երդվենք, որ վերադառնալու է այդ անկախությունը, որ իրենց մայրերը չեն զիջելու այդ անկախությունը»,-ասաց որդեկորույս մայրը՝ անկեղծանալով, որ իր զավակին 1 տարի առաջ պատերազմ է ուղարկել խաբված մոր ձեռքով։

«Այսօր ինքս ինձ չեմ ներում, որ չհասկացա, որ դավադիր էր այդ պատերազմը, չհասկացա, որ դա արված էր զիջելու, հայրենիք զոհաբերելու համար, պարզապեսմեր որդիների կյանքի գնով, որ անմեղության կանխավարկած ունենան՝ դե, պատերազմ էր, ստացվեց, պատերազմ էր՝ զոհվեցին»,-իր խոհերով կիսվեց Կարին Տոնոյանը։

Ներկաները «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշում էին, որ տոնական տրամադրություն չեն զգում։

«Տոնում են պարտությու՞նը...առեղծվածային, տրոյական պատերազմ էր, որը դեռ պետք է վերլուծենք, որ կարողանանք առաջ շարժվել»,-նշեց գիտաշխատող տիկին Անահիտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարին Տոնոյանի ելույթից հետո Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ջահերով ու մոմերով հարգանքի երթ՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Քաղաքացիների ձեռքերում նաև զոհված հայոդիների լուսանկարներն էին:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Հայաստանի և Արցախի պետական այրերն այսօր առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած ու Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին:

Օրվա առիթով մեդալներ են տրվել և պետական պարգևներ են շնորհվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողներին, կամավորներին, ինչպես նաև պատվավոր կոչումներ՝ սպորտի ոլորտի նվիրյալներին։ Մայրաքաղաքի փողոցներում զինվորական քայլերթեր են իրականացվել, իսկ Անկախության օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներն ամփոփվում են Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 20-ին մեկնարկած միջոցառմամբ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть