Ի հեճուկս կառավարության և միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ի հեճուկս կառավարության և միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում․ Փաշինյան

2021-07-29 14:40 , Политика, 1019

Ի հեճուկս կառավարության և միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում․ Փաշինյան

«Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները»,-այդ մասին ՀՀ կառավարության հերթական նիստի մեկնարկին, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Որպես այդպիսին, Փաշինյանը հիշատակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

«Ուզում եմ հիշեցնել, որ մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացն առաջարկվող ֆորմատով:

Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը: Այսուհանդերձ, Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները»,-ընդգծել է Փաշինյանը՝ փաստելով, որ, ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների:

Փաշինյանը հատուկ ուշադրության է արժանացրել այն հանգամանքը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում:

«Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է 3, վիրավորվել՝ 4 զինծառայող։ Հրադադարը վերականգնվել է հուլիսի 28-ի 10։40-ին՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ։ Այս գիշեր, սակայն, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։

Պաշտպանության նախարարությունից շեշտել են, որ հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Лента

Рекомендуем посмотреть