«Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով»․ Քոչարյանը հրաժարվում է մանդատից - RadioVan.fm

Онлайн

«Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով»․ Քոչարյանը հրաժարվում է մանդատից

2021-07-19 20:39 , Политика, 1256

«Նախագահի պաշտոններից հետո  չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով»․ Քոչարյանը հրաժարվում է մանդատից

«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշման մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):

Այս մասին տեղեկացվում է երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ ներկայացրեցպատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը:

Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։

Այս քայլով նաև իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետոչպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։

Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ Ազգային Ժողով իմ չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետևողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։

Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-մասնավորապես նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Քոչարյանի ղեկավարած դաշինքը ձայների առավելությամբ երկրորդ տեղում է․ «Հայաստան»-ի օգտին քվեարկել է 268 300 մարդ, կամ ընտրողների 21.04%-ը։ Ըստ այդմ՝ դաշինքը նորընտիր խորհրդարանում ներկայացված է լինելու 29 պատգամավորով։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը «գործադիրի մարդ է, օրենսդիր մարմնում իրեն լավ չի պատկերացնում»:

Лента

Рекомендуем посмотреть