Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը ձևավորող hունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրության արդյունքները:
Նշենք՝ ընտրության իրավունք ունեցող 2 595 512 ընտրողից քվեարկել են 1 281 997-ը կամ ընտրողների 49.39%-ը: Անվավեր է եղել 4593 քվեաթերթիկ:
Ըստ հրապարակված որոշման՝ քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն է՝ քվեների 53,91%-ով (688 761 ձայն):
Երկրորդը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21,09%-ով (269 481 ձայն), երրորդը՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22%-ով (66 650 ձայն)։
Ազգային ժողովը (ԱԺ) կունենա 107 պատգամավոր՝ մանդատների հետևյալ բաշխվածությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» 71 մանդատ,
«Հայաստան» դաշինք 29 մանդատ,
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ: Ընդ որում, «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել դաշինքի համար անհրաժեշտ նվազագույն 7 տոկոսանոց շեմը, բայց անցնում է խորհրդարան՝ Սահմանադրության պահանջով․ Մայր օրենքի համաձայն, եթե անցողիկ շեմը հաղթահարել է երկու ուժ, խորհրդարանում է հայտնվում նաև երրորդ՝ առավելագույն ձայն հավաքված կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։
Ազգային փոքրամասնությունները ևս ներկայացված կլինեն նորընտիր խորհրդարանում։ Ռուս, քուրդ ու եզդի ազգերին ներկայացնող մեկական պատգամավոր մանդատ կստանա ՔՊ-ի ցուցակով, ասորիները ներկայացված կլինեն կրկին մեկ պատգամավորով՝ «Հայաստան» դաշինքի ցուցակով:
Ըստ ԿԸՀ հաշվարկի՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն, այսպիսով, ստացել է ԱԺ մանդատների ընդհանուր թվի (որպես ընդհանուր թիվ հիմք է ընդունվում 105-ը) 2/3-ից ավելին, ինչը նշանակում է, որ իշխող խմբակցությունը կարող է անգամ սահմանադրական օրենքներն անցկացնել՝ առանց ընդդիմության աջակցության:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն, այս անգամ՝ «պողպատե մանդատ»-ով։
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերի ստացած քվեների թվին՝ բոլոր՝ 25-ի արդյունքները տոկոսներով՝ ստորև.
«Արդար Հայաստան» կուսակցություն - 0.31%
Հայ ազգային կոնգրես կուսակցություն - 1.54 %
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 53.91%
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն - 0.36%
«Ազատություն» կուսակցություն - 0.14%
«Պատիվ ունեմ» դաշինք - 5.22 %
«Միասնական Հայրենիք» կուսակցություն - 0.08%
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն- 0.06%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.22%
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 0.95%
«Հանրապետություն» կուսակցություն- 3.03%
«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 1.03%
«Ազատ Հայրենիք» դաշինք- 0.32 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 3.95 %
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն - 0.39 %
5165 ազգային, պահպանողական շարժում կուսակցություն - 1.22 %
«Քաղաքացու որոշում» սոցիալ - դեմոկրատական կուսակցություն - 0.3 %
Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք - 1.5%
«Ազգային օրակարգ» կուսակցություն - 0.06%
«Վերելք» կուսակցություն - 0.1%
«Ազատական» կուսակցություն - 1.17%
Հայաստանի Եվրոպական կուսակցություն - 0.19%
«Հայաստան» դաշինք - 21.09%
Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն - 1.49%
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 0.31%: