«Ես համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ և նոր հնարավորություններ, լրացուցիչ լծակներ՝ քաղաքական պայքարի համար»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդուամենայնիվ, ընդգծելով, որ դաշինքում մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունեն, բայց անձամբ իրեն չի տեսնում խորհրդարանում։
«Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում: Մեր թիմում տարբեր կարծիքներ կան: Մի մասը պնդում է և համարում է ճիշտ, որ ես լինեմ խորհրդարանում և խորհրդարանի հնարավորություններն, ամբիոնը օգտագործեմ քաղաքական պայքարի համար, մի մասը համարում է, որ չարժի: Ես անձնապես այդպիսի ցանկություն չունեմ, ավելի շատ հակված եմդա չանելուն, բայց վերջանական որոշում դեռ չունենք: Պետք է շատ սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի այդ որոշումը կայացնեմ»,-ասաց նա՝ կրկին շեշտելով՝ անձամբ ինձ դժվար է տեսնում խորհրդարանում,
Նշենք՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Քոչարյանի ղեկավարած դաշինքը ձայների առավելությամբ երկրորդ տեղում է․ «Հայաստան»-ի օգտին քվեարկել է 268 300 մարդ, կամ ընտրողների 21.04%-ը։ Դաշինքն ավելի վաղ հայտնել է, որ քվերակության արդյունքները վստահություն չեն ներշնչում և դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում։
Քոչարյանն այսօր էլ նշեց, որ իրենց համար արդյունքներն անսպասելի էին, քանի որ, նրա խոսքով, բոլոր հարցումները այլ պատկեր են ցույց տվել։
«Պետք է փորձենք գտնել բացատրություն։ Մենք ենթադրում ենք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար»,-շեշտեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի, Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։