ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները մնացին անփոփոխ. ՍԴ-ն հրապարակեց որոշումը - RadioVan.fm

Онлайн

ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները մնացին անփոփոխ. ՍԴ-ն հրապարակեց որոշումը

2021-07-17 21:20 , Политика, 1053

ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները մնացին անփոփոխ. ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանը (ՍԴ), հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ քննելով ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ԱԺ) 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը, այսօր՝ 21:00-ին, դռնբաց նիստում հրապարակել է որոշումը:

Որոշվել է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2021թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։

ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանի փոխանցմամբ՝ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ էին դիմել ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերից 4-ը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Գործերը ՍԴ-ում միավորել էին՝ հաշվի առնելով, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Նշենք՝ համաձայն ուժի մեջ թողնված ԿԸՀ վերոնշյալ որոշման՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրության քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն է՝ քվեների 53,91%-ով (688 761 ձայն), երկրորդը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21,09%-ով (269 481 ձայն), երրորդը՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22%-ով (66 650 ձայն)։ Ազգային ժողովն (ԱԺ) ըստ այդմ՝ կունենա 107 պատգամավոր՝ մանդատների հետևյալ բաշխվածությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» 71 մանդատ, «Հայաստան» դաշինք 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ:

Лента

Рекомендуем посмотреть