ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: Հուսով եմ, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել դեպի կայուն կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասված է ԵԱՀԿ գործող նախագահի թվիթերյան գրառման մեջ։
Welcome the additional release of 15 Armenian detainees by Azerbaijan and Armenian release of maps of mines. Appreciative of Russian mediation. Hope more confidence-building can pave way for sustainable settlement under auspices of @OSCE Minsk Group Co-Chairs.#OSCE2021SWE
— Ann Linde (@AnnLinde) July 4, 2021
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստան է վերադարձել 15 հայ գերի։ Բաքուն հայտնել էր, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ, և իրենք, որպես մարդասիրական քայլ, հայրենիք են վերադարձրել 15 հայ գերու, որոնք, նշել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը, դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման, և որոնց պատժի ժամկետը լրացել է։
Մինչդեռ, հայկական կողմի փոխանցմամբ՝ իրենք ականադաշտերի քարտեզները փոխանցել են որպես բարի կամքի դրսևորում՝ 15 հայ գերիների ազատ արձակման քայլի դիմաց։