Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ, շարունակվել է շիրակցի 14 գերիների շինծու քրեական գործով դատական հերթական նիստը։
«Ահաբեկչություն» կատարելու մեջ մեղադրվող հայ ռազմագերիներ Հրաչյա Ավագյանի, Գեղամ Սերոբյանի, Արմեն Բագասյանի, Գոռ Գասպարյանի, Կամո Սեֆիլյանի, Վոլոդյա Հակոբյանի, Գևորգ Ասատրյանի, Սիսակ Ենգոյանի, Ալբերտ Պետրոսյանի, Ռոմիկ Սեդրակյանի, Արամ Մինասյանի, Մկրտիչ Մինասյանի, Էդգար Մաթեսյանի, Յուրի Կարապետյանի գործով հարցաքննվել է երկու վկա, այնուհետև ուսումնասիրվել են գործին առնչվող փաստաթղթերը, դատաքննությունն ավարտվել է։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատախազը պահանջել է Հրաչ Ավագյանին, Գեղամ Սերոբյանին դատապարտել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով (պետական սահմանի ապօրինի հատում)՝ 5 տարի ժամկետով ազատազրկման, մյուսներին՝ նույն հոդվածով՝ 2 տարվա ազատազրկման։
Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, հնչեցրել է դատավճիռը: Ըստ այդմ՝ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4 տարի ազատազրկման, մյուսները՝ 6 ամսվա ազատազրկման։
Հիշեցնենք՝ 14 հայ ռազմագերիների շինծու քրեական գործով նախորդ նիստում, մեղադրական եզրակացությունն ընթերցելիս, դատավոր Հաջիևը հայտարարել էր, թե, եթե նրանց առաջադրված մեղադրանքը հաստատվի, ապա հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման։
Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում 2020-ի դեկտեմբերին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են, մյուսների նկատմամբ Բաքուն կեղծ քրեական գործեր է հարուցել, նախ՝ 14-ի նկատմամբ, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։
Հայ ռազմագերիներ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բագասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը, Յուրի Տիգրանի Կարապետյանը մեղադրվում են «ահաբեկչություն» կատարելու մեջ․
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը