Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջաններում 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականներով պատված տարածքների քարտեզներ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հաղորդագրությանը, ըստ որի՝ միջնորդական առաքելությունն իրականացրել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը։
Նշվում է, որ քարտեզների դիմաց, որպես մարդասիրական քայլ, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերիներ, որոնք դատապարտվել են ազատազրկման։
«Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանին է տրամադրել շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ, որոնք տեղադրվել էին Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում», և Ադրբեջանն էլ վերադարձնում է 15 հայերի, ովքեր դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման, և որոնց պատժի ժամկետը լրացել է»,-ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում, որին կից նաև տեսանյութ է հրապարակվել։
Նշենք՝ հայկական կողմն այս առնչությամբ դեռևս որևէ լուր չի հայտնել։