Ինչու՞ պատրաստ չէինք պատերազմին․ հարցը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հունիսի 22-ին արցախցիներին հղած ուղերձում հնչեցրեց Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ասելով, թե այդ ժամանակ զինված ուժերին առնչվող իր իրական գործառույթների ու լծակների խիստ սահմանափակմանը՝ հասցել էր որոշակի աջակցություն ցուցաբերել Պաշտպանության բանակին (ՊԲ) ու հանդես գալռազմավարական ամրություններ կառուցելու նախաձեռնությամբ։
«Ամրություններ, որոնք պետք էին բանակին։ ՊԲ հրամանատարության կողմից ինձ ուղղված աջակցության որևէ հայտ անպատասխան չի թողնվել»,-ասաց Արցախի նախագահը՝ շեշտելով՝ մնացածը պետք է պարզաբանեն Արցախի ու Հայաստանի ներկա ու նախկին ռազմաքաղաքական բոլոր ղեկավարները, քանի որ, նրա դիտարկմամբ, պատերազմին պատրաստվելը տարիների ու տասնամյակների գործ է, ոչ թե՝ օրերի ու ամիսների։
Արցախի նախագահի ուղերձի մասնրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ արդեն երկրորդ օրն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում, երկու քաղաքացի էլ՝ Դավիթ Ավանեսյանը և Մերի Դավթյանը, ի նշան բողոքի՝ հացադուլ են հայտարարել։ Նրանց, հատկապես, վրդովեցրել է այն փաստը, որ Արցախի նախագահն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, ապա շնորհավորել ու հաջողություններ մաղթել «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առթիվ։
Իր հրաժարականի պահանջի ֆոնին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հունիսի 22-ի երեկոյան հանդես կգա ուղերձով։
Վերածննդի հրապարակում, ահա, արդեն տեղի ունեցած հանրահավաքին հնչեցրած ուղերձում Հարությունյանը պատասխանեց ոչ միայն պատերազմի վերաբերյալ տարածված մի շարք հարցերի, այլև անդրադարձավ իր հրաժարականի պահանջին՝ հայտարարելով, որ պատրաստ է դա անել, եթե «հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»։
ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ շահարկումներին մասով էլ ընդգծեց՝ Արցախի և Հայաստանի իշխանություններն ու առաջնահերթ՝ հենց առաջի՛ն դեմքերը պարտավոր են իրար հետ լավ հարաբերություններ պահպանել, անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն ով կլինի։
Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության գրասենյակ իր այցին, ապա՝ պարզաբանեց․
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եղել եմ ոչ միայն ՔՊ-ի գրասենյակում, այլ հետընտրական հանդիպումներ եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ։ Ընդ որում, ես պահպանել եմ չեզոքությունն ու միայն քվեարկությունից հետո եմ հանդիպումներ ունեցել, պարզապես միայն ՔՊ-ի գրասենյակում ինձ լրագրողներ հանդիպել»։