Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցիներին հղած ուղերձում վերահաստատեց 2020-ի դեկտեմբերի 16-ի ուղերձում հրաժարական տալու պատրաստակամության մասին հնչեցրած հայտարարությունը։
Ընդգծեց՝ պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում դա անել, երբ հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։
Նրա խոսքով՝ առաջին իսկ հնարավորության դեպքում վայր է դնելու լիազորությունները և Արցախում ողջամիտ ժամկետում կազմակերպվելուեն արտահերթ համապետական ընտրություններ, որոնցում նա մասնակցություն չի ունենալու ու դուրս է գալու քաղաքականությունից։
Վերջին օրերին իր հրաժարականի պահանջով հանրային բողոքի դրսևորումները Արցախի նախագահը խիստ հուզական համարեց՝ դրանք, գլխավորապես, պայմանավորելով արհեստական հանգամանքներով՝ Հայաստանի ընտրական գործընթացներից ազդված։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ, չնայած դրան, պատրաստվում է քաղաքական, հանրային խորհրդակցություններ սկսել՝ պարզելու, թե պատրա՞ստ է, արդյոք Արցախի Հանրապետությունը պատշաճորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։
Եթե եզրահանգումը դրական լինի, ապա, ասաց նա, օր առաջ կկատարի իր խոստումը։
«Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե ես կառչած եմ աթոռից։ Ամենևին՝ ո՛չ: Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև: Այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, որ հանկարծ իմ ժողովուրդը, ներառյալ հրաժարականս պահանջող անձինք չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ ու մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պատրաստված եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողել առանց նավապետի»,-ընդգծեց Արցախի նախագահը։
Արցախի նախագահի ուղերձի մասնրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ հունիսի 21-ից արցախցիները պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ոմանք նաև հացադուլ են հայտարարել։ Դժգոհության ալիքը բարձրացել է Արայիկ Հարությունյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության գրասենյակ այցից և ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունում տարած հաջողության համար շնորհավորանքից հետո։
Արայիկ Հարությունյանը ստեղծված լարվածության ֆոնին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 22-ի երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով։