Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հունիսի 22-ին արցախցիներին հղած ուղերձում հայտարարեց՝ վերջին օրերին մանիպուլյացիոն եղանակներով շահարկում են Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները։ Նա ընդգծեց՝ հայկական երկու պետությունների իշխանություններն ու առաջնահերթ՝ հենց առաջին դեմքերը պարտավոր են իրար հետ լավ հարաբերություններ պահպանել, անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն ով կլինի։
«Ինչպե՞ս եք պատկերացնում առանց Հայաստանի հետ համագործակցության, ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35․000 քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրները։ Մենք նման խնդիրների պատճառով Մարտակերտի ու Շահումյանի մեր տասնյակ հազար քաղաքացիներին զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից»,- հայտարարեց ԱՀ նախագահը՝ շեշտելով, որ պատմությունը ցույց է տվել, թե ինչ հետևանքներ կարող են լինել երկպառակտության դեպքում։
Իսկ ներկայում, ըստ Հարությունյանի, Հայաստանի Հանրապետությունն առանցքային դեր ունի հետպատերազմական Արցախի սոցիալ-տնտեսակական վերականգնման ու զարգացման գործում՝ բյուջետային եկամուտների ապահովումից մինչև բնակարանային ու սոցիալական աջակցության ծրագրեր։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ լիովին սխալ է մեկնաբանել իմ այցը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության գրասենյակ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եղել եմ ոչ միայն ՔՊ-ի գրասենյակում, այլ հետընտրական հանդիպումներ եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի, Սամվել Բաբայանի և այլոց հետ։ Ընդ որում, ես պահպանել եմ չեզոքությունն ու միայն քվեարկությունից հետո եմ հանդիպումներ ունեցել, պարզապես միայն ՔՊ-ի գրասենյակում են ինձ լրագրողներ հանդիպել»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ կրկին ընդգծելով՝ պահպանել է չեզոքություն հայաստանյան քաղաքական գործընթացների առնչությամբ։
«Արցախը եղել է և պետք է մնահայությունը միավորող գործող՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է մայր Հայաստանում եկել իշխանության»,-ասաց նա՝ ելույթի վերջում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին հրավիրելով Արցախ՝ քննարկելու Արցախի քաղաքական, սոցիալ-տնտեսական ապագան։
Նա միաժամանակ ներողություն խնդրեց արցախահայությունից իր բացթողումների համար, բայց և նշեց՝ «ցավոտ է ու հանիրավի է իրեն դավաճանության և անգործության մեջ մեղադրելը»։
Շեշտեց՝ նախագահի երդում է տվել, որը չի կարող դրժել։
Արցախի նախագահի ուղերձի մասնրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, հատկապես, վրդովեցրել էր այն փաստը, որ Արցախի նախագահն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, ապա շնորհավորել ու հաջողություններ մաղթել «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առթիվ։