Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ, ով շնորհավորել է Փաշինյանին համոզիչ հաղթանակի համար, մաղթել բեղմնավոր աշխատանք։
Փաշինյանը նշել է, որ հանդիպման հիմնական թեման ներքաղաքական կյանքի, հետագա զարգացումների վերաբերյալ Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցության և անձամբ նրա պատկերացումների, անելիքների մասին լսելու ցանկությունն է։
«Նաև նախկին շրջանի փորձից ինչն է, որ Ձեզ անհանգստացրել է և ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի մենք քաղաքական դաշտում կարողանանք ավելի համագործակցային ու պոզիտիվ դաշտ ստեղծել. պոզիտիվ՝ ոչ թե կառավարության նկատմամբ, այլ պոզիտիվ, որպեսզի փոխադարձաբար ավելի լսելի լինեն կառավարությունն ու արտախորհրդարանական ուժերը, որովհետև, կարծում եմ, որ իսկապես լսելիությունը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ կան գաղափարներ, կան առաջարկներ, մտքեր, որոնք աղմուկի մեջ կորում են և չեն լսվում: Այս թեմաներով կուզեի խոսեինք մանրամասն և տեսնեինք, ինչքանով են համընկնում մեր պատկերացումները»,-կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ դիմելով Սարգսյանին ասել է Փաշինյանը:
«Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը: Եվ այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև:
Արտախորհրդարանական ուժերի խնդիրը շատ ավելի հեշտ է այդ առումով: Իմ կարծիքով՝ ազդեցություններն էլ շատ ավելի փոքր: Այստեղ հիմնական բանալի բառը Ձեր՝ բոլորի վարչապետ լինելն է՝ անկախ նրանից, թե իրենք որ թիմից են: Իհարկե, հասկանում եմ, որ այն թիմերում 20 տոկոսն է մոլորյալ, որոնց վարչապետը, իսկապես, արժե լինել: Մյուսներն այլ-այլ նպատակներ ունեն՝ իրենց նախկին ունեցած ազդեցությունները վերականգնել, հովանավորչությամբ զբաղվելու կամ որոշակի նյութական իրավիճակներից ելնելով շտաբներում աշխատելով այդ քվեները ձևավորվել են: Բայց ամեն դեպքում կա փաստը: Կարծում եմ՝ իրենք տեսնում են, որ իրենք էլ են հակված Ազգային ժողով մտնելու, առանձնապես աղմուկ անելու բան չունեն, բողոքները ենթատեքստ չունեն: Այդ բողոքներով մեզ կծաղրեին, եթե Սահմանադրական դատարան մտնեինք, հարցումների հիմքի վրա կամ միտինգներին շատ մարդ լինելու: Դա անհեթեթ է ուղղակի:
Մեր մասով՝ կարծում եմ, որ մշտապես լինելու ենք պետության կողքին, պետականության կողքին: Մեզ համար դա գերկարևոր է, գերկարևոր է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով: Սա համարում ենք շատ կարևոր ու գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներին բավականին օգնած կլինենք: Ու հակված ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակել: Նաև տնտեսական դաշտում են առաջարկները, ինչ կլինեն, սիրով կներկայացնենք կառավարությանը, փորձենք հետամուտ լինել, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են, ապա հիմնավոր մերժվեն և այդ մերժումները կարողանանք բացատրել նաև մեր գործընկերներին, որ բիզնեսը չնեղանա»,-ի պատասխան՝ ասել է Արամ Սարգսյանը:
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:
Փաշինյանը նշել է, որ հետևել է Նորիկյանի քարոզարշավին, լավ տպավորություններ է ստացել ու ափսոսում է, որ վերջինս չի հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար։ Վարչապետի պաշտոնակատարը Նորիկյանից ևս հետաքրքրվել է քաղաքական հետագա զարգացումների վերաբերյալ պատկերացումների և պլանների մասին։
Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ի պատասխան՝ Նորայր Նորիկյանն ասել է․
«Ես, անկեղծ ասած, անկախ արդյունքներից, մեր նկատմամբ հանրության կողմից վստահությունից, թույլ տվեք ասել, որ կարևոր եմ համարում պատմական այս շրջափուլը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքսում՝ մեր ժողովրդի կողմից արտահայտված իրական տրամադրությունների առումով: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ մեր ժողովրդին և անձամբ Ձեզ: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներիներին թե՛ մեր օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, բնականաբար, շատ կարևոր և պատասխանատու առաքելությամբ պետք է իրականացնեն խորքային գործընթացներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ բեկում իրականացնելու և առաջ շարժվելու համար:
Համաձայն եմ այն դիտարկման հետ, որ 2020թ. նոյեմբերից հետո, մեր երկիրը իսկապես գտնվում էր որոշակի ճգնաժամի մեջ: Դուք երեկ արձանագրեցիք, որ այդ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Համաձայն եմ այդ գնահատականի հետ: Տեսնում եմ առաջիկա տարիներին պետականաշինության լրջագույն անհրաժեշտություն՝ կառավարման համակարգի, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման:
Պարոն վարչապետ, չգիտեմ, ինչքանով հնարավոր եք համարել հետևել իմ հրապարակային գործունեությանը: Ձեր իշխանության գալուց հետո մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել դատաիրավական համակարգի հանգամանքը: Հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Ես խորապես, հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերն արմատախիլ անել այդ ոլորտից, իսկ ընդհանրապես պատասխանատու, անաչառ, ազնիվ դատական համակարգ կառուցել, և ընդհանրապես պետական ինստիտուտներում արդարության միջավայրը ձևավորել: Հավատում եմ այդ գաղափարին, ես իսկապես գտնում եմ, որ մենք արժանի հասարակություն ունենք: Գտնում եմ, որ կարող ենք այդ գործընթացը պատվով իրականացնել և տանել առաջ, առավել ևս, որ ուրիշ այլընտրանք էլ չունենք: Եթե մենք այս անգամ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք կարգի բերել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում:
Այս քարոզարշավը նաև ինձ համար էր առաջին մեծ փորձը քաղաքականության մեջ առաջին դեմքով ներկայանալու համար: Անկեղծ եմ ասում՝ ինձ համար բացահայտումները շատ էին՝ մարդկային հարաբերությունների էությունը ճիշտ հասկանալու: Կուզենայի որպես քաղաքացի ուղղակի իմ դիտարկումներն անել: Ես տեսա վարչական ռեսուրսի օգտագործում ՏԻՄ մակարդակով և հասկացա, թե ինչպես կարող է սաբոտաժը ՏԻՄ համակարգերում աշխատել: Տեսա, թե նրանց կապը հանցավոր որոշակի շրջանակների հետ, ոնց է աշխատում այդ մեխանիզմը: Ցավոք, իմ կարծիքով, անկախ քաղաքական ինչպիսի իրադրություն էլ լինի, մենք ուղղակի պարտավոր ենք արմատախիլ անել այդ ոչ ֆորմալ ազդեցությունները: Ուղղակիորեն դա մեզ պատիվ չի բերում: Մեր հասարակությանը պատիվ չի բերում, որ ներողություն արտահայտությանս, հանրության մեջ, այսպես ասած, կասկածելի հեղինակություն ունեցող անհատները փորձում են ազդեցություն ունենալ և միջամտել ընտրական գործընթացներին: Տեսնում եմ շատ աշխատանք մեր առաջիկա գործընթացում: Ես երբեք չեմ դասվել այն մարդկանց շարքին, որ կուզենային պետական իշխանությունը ձախողել: Ճիշտ հակառակը՝ դա մեծ վնաս է հասցնում: Համարում եմ, որ սա շատ լավ հնարավորություն կարող է ստեղծել մեր հանրային կյանքում հանրային համերաշխություն ձևավորելու, մթնոլորտը ձևավորելու համար: Կներեք, կարող է այլ ընկալում լինել, բայց կարծում եմ, որ ընտրությունների այս արդյունքը կարող է շատ ավելի կարևոր է, քան անգամ 2018թ. դեկտեմբերյան արդյունքը, որովհետև սա նաև որոշակիորեն հանրության գիտակցված կոնկրետ գնահատական է: Հիմա տեսնենք՝ ի գործ, ի աշխատանք:
«Արդար Հայաստան» կուսակցությունը նորաստեղծ է, ընդամենը չորս ամսվա: Մենք տեսնում ենք քաղաքական միջավայրը փոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն: Պարոն վարչապետ, պատրաստակամ ենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու պետականաշինությամբ զբաղվելու համար: Շնորհակալ եմ»։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է նաև Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ, ով, հիշեցնենք, հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցություն ունեցավ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ով։
Փաշինյանը նրանից ևս հետրաքրքրվել է արտախորհրդարանական ուժերի և կառավարության հարաբերությունների հնարավոր հարթակների վերաբերյալ ունեցած պատկերացումների մասին։
Կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ ի պատասխան Շիրինյանն ասել է․
«Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին»:
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ստորագրել է հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, որի համաձայն՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով մասնակից 25 քաղաքական ուժերից առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով, կամ քվեների 53,92%-ով:
Փաշինյանը հայտարարելով, որ «նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»՝ նշել էր, որ պետք է զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»: