«Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նշենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակմամբ՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով, կամ քվեների 53,92%-ով: Ձայների քանակով երկրորդը «Հայաստան» դաշինքն է՝ 268 165 ձայն, 21.04 %։
Հիշեցնենք՝ երեկ, կեսգիշերն անց, «Քացաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քվերակության նախնական արդյունքներին, ասել է, թե Հայաստանի ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը։
«Եթե առաջինը ոչ բռնի, թավշյա ժողովրդական, հեղափոխությունն էր, 2021 թվականին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատյա հեղափոխություն»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ պիտի զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»: