Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առիթով ՌԴ-ն հայտարարել է Թուրքիայի հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առիթով ՌԴ-ն հայտարարել է Թուրքիայի հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

2021-03-16 19:26 , Политика, 1409

Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առիթով ՌԴ-ն հայտարարել է Թուրքիայի հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ արված մեկնաբանության մեջ։

«Այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը երկու պետությունների միջև ժամանակակից հարաբերությունների հիմք է դրել»,-Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային, հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»,-մասնավորապես հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

Նշենք՝ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասում երկու երկրների սահմանների զատում է իրականացվել, ըստ որի՝ Հայաստանի զգալի տարածքներ հանձնվել են Թուրքիային ու Ադրբեջանին:

Անդրադառնալով Մոսկվայի պայմանագրի 100-ամյա փաստին՝ հայաստանյան 7 կուսակցություններ այսօր տարածել են համատեղ հայտարարություն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը և Ազգային ժողովը պարտավոր է այդ պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կնքված Կարսի պայմանագիրը ապօրինի հայտարարել և այդ հարցով պաշտոնապես դիմել ՌԴ-ին։ Հայտարարությունը ստորագրած կուսակցությունները, որոնց թվում են Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորում»-ը, Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք»-ը և Անդրիաս Ղուկասյանի «Հայ կառուցողական կուսակցությունը» ընդգծում են, որ 100 տարի առաջ այսօրը՝ մարտի 16-ին, առանց հայկական կողմի մասնակցության «Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության պայմանագիր» կոչվող այդ փաստաթղթի հիման վրա շարունակվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ առ այսօր բռնազավթված պահելով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի՝ ռուսների կողմից թուրքերին զիջված Կարսի մարզում, Սուրմալուի գավառում և հարակից այլ տարածքներում, իսկ Հայաստանից խլված և Ադրբեջանին հանձնված Նախիջևանի գավառում ցեղասպանությունն իրականացվեց լիովին հայաթափմամբ»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть