«Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին մի այլ Հայաստանում». Անդրիաս Ղուկասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել - RadioVan.fm

Онлайн

«Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին մի այլ Հայաստանում». Անդրիաս Ղուկասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել

2018-05-07 16:55 , Общество, 2457

«Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին մի այլ Հայաստանում». Անդրիաս Ղուկասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննելով Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը՝ որոշում է կայացրել ազատ արձակել նրան՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Դատարանի որոշումը նիստի մասնակիցների կողմից բուռն արձագանքի է արժանացել, նրանք բացականչել են՝ «շնորհակալ ենք»։

Ինքը՝ Անդրիաս Ղուկասյանը, ով կալանքի տակ է 2016 թվականի հուլիսի 29-ից, ազատության առաջին րոպեներին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի այսօրվա որոշմանն ընդգծել է. «Եթե չլիներ հանրային աջակցությունը, այս քայլին չէին դիմի: Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին մի այլ Հայաստանում։ Մենք ամեն ինչ անում էինք, որ այդ օրը օր առաջ գա, և այդ օրը եղավ»։

Հիշեցնենք, Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրված նախորդ տարվա հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթածն ու պատանդներին պահելու փորձերի մեջ»: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, սակայն, որ Ղուկասյանը, որի գործողություններից ըստ մեղադրանքի տուժել է 36 անձ, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունները չի հացրել ավարտին:

Նշենք, որ «Ոտքի Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ղուկասյանի կնոջ՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի համոզմամբ, քրեական գործը շինծու է և ,արդեն իսկ, տապալված:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով՝ գործի քննությունը պարբերաբար ձգձգվում է, խախտվում է ողջամիտ ժամկետների իրավունքը և արդեն 40 օր է դատական նիստ չի կայացել։

Հիշեցնենք՝ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսի 2-ին: Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների մինչ այս ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ թվով 6, դատարանը չէր բավարարել, մերժվել էր նաև հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության՝ ընդդիմադիր ակտիվիստին ազատ արձակելու կոչը:


Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть