Հանրապետության նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ նշանակելու մասին վարչապետի հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան (ՍԴ):
Այդ մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքի հրապարակումից։
«Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:
Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա»,-ասված է նախագահականի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մարտի 10-ին հայտարարություն տարածեց՝ արձանագրելով, որ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Այնուհետ հաղորդվեց, որ միջնորդություն է ներկայացվել այդ պաշտոնում նշանակել Արտակ Դավթյանին, որին նույն պաշտոնից Փաշինյանն ազատել էր ամիսներ առաջ՝ որդու հարսանյաց արարողությանը հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։ Վերոնշյալի համաձայն, սակայն, նախագահը չի պատրաստվում ստորագրել Արտակ Դավթյանի հրամանագիրը, թեև, ընդգծենք, մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրած խորհրդակցությանը վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ Գլխավոր շտաբը 2018-ից 2020 թվականներին ղեկավարած պարոն Դավթյանի հետ միասին կկարողանան հաղթահարել այս փորձությունը, որի արդյունքում Զինված ուժերը, Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը դուրս կգան ուժեղացած:
Հավելենք՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի համաձայն՝ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը