Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ այսօր հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:
Նա հանդիպումից 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ է հրապարակել՝ ընդգծելով, որ ելույթը կհրապարակի ավելի ուշ:
Այնուհետ, ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանն իր էջում հրապարակեց ելույթից հատված՝ տեղադրելով նաև տեսանյութ։
«Մենք բառիս բուն իմաստով միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որեւէ քաղաքացի, կառավարության որեւէ անդամ, մեզնից որեւէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ եւ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են եւ մատուցում են մեր երկրին:
Մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում»,-ԶՈւ բարձրագույն սպայակազմի հետ խորհրդակցությանն ասաց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակած հայտարարությամբ նշել է, որ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի պաշտոնից։ Հայտարարությանը հաջորդել է Օնիկ Գասպարյանի ուղերձը, որում գեներալ-գնդապետը վերահաստատել է առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ապահովելու ԳՇ-ի՝ ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը։ Նա նաև նշել է, որ իրեն պաշտոնից ազատելու ողջ գործընթացը հակասահմանադրական է, ու, որ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։
Հավելենք նաև, որ վարչապետը Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությամբ դիմել է ՀՀ նախագահին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը