«Այս երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրերով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։ Ըստ էության, հավելվածը լիարժեք աշխատում է»,-վիճակագրական թվերը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով փետրվարի 1-ից մեկնարկած «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» ծրագրին, որի գործարկմամբ, ըստ էության, շուրջ 1 տարվա դադարից հետո Հայաստանի քաղաքացիները կրկին Ռուսաստան մեկնելու հնարավորություն ստացան։
«Տեսա, որ ահազանգեր կան, բայց «Ճամփորդում եմ առանց Covid-19»-ի ծրագիրը հաջողությամբ մեկնարկել և գործարկել ենք։ Ես այսօր վիճակագրությունը խնդրեցի և պարզվեց, որ ընդամենը 7 քաղաքացու դեպքում է, որ մեկնելու խոչընդոտ է առաջացել»,- ասել է ՀՀ վարչապետը՝ մանրամասնելով, որ քաղաքացիները մեկնել են Ռուսաստան թղթային QR կոդով, որը կասկածներ է առաջացրել ռուս սահմանապահների մոտ, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես կապ չունի հավելվածի աշխատանքի հետ: Փոխվարչապետն էլ մանրամասնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, առաջին օրը բացառություն են արել օդանավակայանում՝ հնարավորություն տալով մարդկանց թղթային տարբերակով մեկնել, փորձել են ընդառաջել, բայց այլ բան է ստացվել:
Հիշեցնենք՝ քաղաքացին, բջջային հեռախոսում ներբեռնելով «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածը, պետք է դրանում նշված կորոնավիրուսի ախտորոշում իրականացնող լաբորատորիաներից որևէ մեկում թռիչքից 72 ժամ առաջ թեստ հանձնի, որի արդյունքները QR կոդով ներմուծվում է ծրագիր։ Դրական արդյունքի դեպքում հավելվածում կանաչում է քաղաքացու ազատ տեղաշարժի պատուհանը, ինչը հնարավորություն է տալիս նրան հատել սահմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ հավելվածի շուրջ 20 հազար ներբեռնում կա, թեև մեկամսյա փորձնական ծրագիրն արդեն արդիական չէ, քանի որ Ռուսաստանը փետրվարի 15-ից վերականգնում է դեպի Հայաստան կանոնավոր չվերթները։
«Նախկինում, որ պայմանավորվել էիք Ռուսաստանի և Բելառուսի գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, բայց երեկվա այդ որոշմամբ, ես կարծում եմ, որ մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել և փետրվարի 15-ից ունենալու ենք օրը 4 կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստան»,-նկատել է Մհեր Գրիգորյանը։
Նշենք՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի նախօրեին ստրոգրած հրամանի համաձայն՝ Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր ավիափոխադրումները Հայաստանի և Ադրբեջանի հետ․ փոխադարձության հիման վրա նախատեսվում է շաբաթական չորս չվերթ իրականացնել Մոսկվա-Երևան և երկուական չվերթ՝ Մոսկվա-Բաքու ուղղություններով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը