Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան

2021-01-12 18:50 , Политика, 1040

Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան

«Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում: Մենք պետք է քննարկենք ոչ միայն մեր տարածաշրջանի ապագան, այլ նաև այն օրակարգը, որն ունենք երկկողմ հարաբերություններում»,-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած առանձնազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին բնականոն կյանքի վերականգնման նպատակով Լեռնային Ղարաբաղում միջգերատեսչական հումանիտար կենտրոն ստեղծելու, Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն անկասկած եղել և շարունակում են մնալ դաշնակցային, կողմերը հանդիսանում են մտերիմ գործընկերներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում:

Առանձնազրույցի մանրամասները՝ այստեղ։

Հիշեցնենք՝ նախօրեին Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացավ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Շուրջ 4 ժամ տևած հանդիպման ավարտին եռակողմ հայտարարություն ստորագրվեց, որում ամրագրված և որևէ կետ հայկական կողմի առաջնահերթություններին չի վերաբերվում․ 4 կետերն էլ առնչվում են 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացմանը, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելուն, խմբի՝ մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը հանդիպելուն, մինչև 2021 թ. մարտի 1-ը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը հաստատման ներկայացնելուն:

Մինչդեռ, հայկական կողմը, որի մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոսկովյան հանդիպմանը անկյունաքարային էր համարում նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը, այն է՝ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Եռակողմ հանդիպմանն ընդառաջ էլ վարչապետի մամուլի խոսնակը հայտնելով, որ Մոսկվայում Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, ընդգծել էր, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում հնարավոր կլինի, եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների։

Սակայն Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետը ցավով արձանագրեց, որ հանդիպմանը չի լուծվել Արցախի կարգավիճակի և ռազմագերիների վերաբերյալ հարցերը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть